Հայ քաղաքագետները փորձում են կանխել միջուկային առճակատումը

Մարտի 24-ին Երևանում կայացած Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովն ընդունել է ուշագրավ մի փաստաթուղթ`«Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է»: Սա դիմում է` ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին: Մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ` այն կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` վերադառնալու «վերաբեռնման» քաղաքականությանը:

Դիմումի տեքստը փոխանցվել է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ-ի դեսպանություններին (տեղեկացնում է «Դիպլոմատ» կայքը): Այն հրապարակել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

- Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2014թ. հոկտեմբերի 7-ի իր դիմումում արտահայտել է ծայրաստիճան մտահոգություն` կապված երկու միջուկային գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ավելի ու ավելի խորացող լարվածությամբ, որն սպառնում է վերաճելու առճակատման: Այսօր` Սիրիայում շարունակվող պատերազմի, քրդական հարցի սրման, հետխորհրդային ռազմաքաղաքական հակամարտությունների չլուծվածության, Ուկրաինայի արևելքում տիրող անկայունության պայմաններում, Ձեր գլխավորած պետությունների և ռազմաքաղաքական կազմակերպություններում դաշնակիցների միջև լարվածության աճը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհի ապակայունացմանը, ինչը հղի է համամարդկային մասշտաբի աղետով,- նշվում է փաստաթղթում:

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարված իրավիճակն ավելի է սրել հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը մի  քանի օր առաջ տեղի ունեցած ընտրություններին ձայների աննախադեպ գերազանցությամբ շարունակեց մնալ ՌԴ նախագահ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և արևմտյան մյուս տերությունները ուժեղ Ռուսաստան հանդուրժել չեն ուզում, իսկ ռուսական կողմը մտադիր չէ իր նպատակներից քայլ անգամ նահանջել: Նշելով, թե երկու տերությունների զինանոցում այնքան միջուկային զենք կա, որ կարող են Երկիր մոլորակը բազմիցս ոչնչացնել`  հայ քաղաքագետները փորձել են նրանց երկուսին էլ հիշեցնել պատասխանատվության մասին:

- Մենք առաջնորդվում ենք այն նկատառումով, որ արդի պայմաններում Դուք և Ձեր գլխավորած պետությունները կոչված եք, ղեկավարվելով համընդհանուր անվտանգության շահերով, հանդես գալու որպես Ձեր մեծարգո ժողովուրդների ու պետությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքական զարգացումների այլ մասնակիցների միջև երկխոսության և խաղաղության հուսալի երաշխավորներ,- դիմումը եզրափակել են համաժողովի մասնակիցները:

Նշենք, որ միջազգային հարաբերություններում «վերաբեռնման քաղաքականություն» արտահայտությունը առնչվում է համակարգչային բառապաշարին: Երբ համակարգիչը վերաբեռնում են, դրանում ոչինչ չի փոխվում, սակայն սկսում է առավել արդյունավետ գործել: Ռուս-ամերիկյան հարաբերություններում նման քաղաքականություն իրականացվել է նախագահ Օբամայի օրոք, և այն ժամանակ միջուկային պատերազմի սպառնալիքն այսքան շոշոփելի չէր:
Դժվար է հավատալ, թե հայ քաղաքագետների կոչը Թրամփին կամ Պուտինին կսթփեցնի: Սա գոնե կարող է դառնալ այն կաթիլը, որի կուտակումից ծով է գոյանում և հարկադրում իր հետ հաշվի նստել: