Ընտրակաշառքի դեմ պայքարում են... ստվերո՞ւմ
Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ «ԽԱՎԻԱՐԱՍԵՐՆԵՐԸ»
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր գնահատականը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին:
- Ընտրությունների վրա հետք են թողել ընտակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին տեղեկությունները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԵԱՀԿ/ԺՄԻԳ- դիտորդական առաքելության համակարգողը:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները չեն մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր ուժեր են ընտրակաշառք բաժանել և ճնշումներ կիրառել: Կառույցը խոստացել է այդ ամենին անդրադառնալ հետագայում հրապարակվելիք զեկույցում:
Միջազգային կառույցներն օրնիբուն խոսում են կաշառակերության դեմ պայքարի, թափանցիկության և հստակության մասին, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս հայտարարությունը լիովին հակասում է վերոնշյալ սկզբունքին: Տպավորությունն այն է, որ հեղինակավոր այս կենտրոնը ընտրակաշառքների դեմ ցանկանում է ստվերային պայքար մղել: Իսկ ստվերային ամեն ինչը, նունիսկ եթե դրա անունը պայքար է, նախևառաջ շահախնդրություն է ենթադրում: Այս պարագայում ակամա սկսում ես կասկածել նաև արդարությունը պաշտպանելու համար Հայաստան եկած դիտորդներին. Դիցուք, երևի կսպասեն, թե որ քաղաքական ուժն իրենց «դանոս» կհասցնի՝ ինչ-ինչ ակնկալիքներով կամ որոշակի խոստումներով, ապա կհրապարակեն իրենց զեկույցը՝ քաղաքական երանգներով պարուրված: Արդյո՞ք հիմնազուրկ են շրջանառվող այն կարծիքները, թե նման «զեկույցները» երբեմն այս կամ այն երկիրը վարկաբեկելու քաղաքական պահուստային «կոմպրոմատ է»:
Եվս մի ուշագրավ փաստ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորների թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ: Ժողովրդավարության սկզբունքը որդեգրած եվրոպական երկրներում անարգանքի սյունին գամել քաղաքական, թեկուզ ադրբեջանամետ կողմնորոշման համար, չեն կարող: Բայց տրամաբանական հարց է ծագում` «խավիարասերները» ՀՀ-ում ո՞ր քաղաքական ուժի օգտին «կաշխատեն»: Կամ կարո՞ղ են ընտրական գործընթացի մասին օբյեկտիվ կարծիք հայտնել: Կարծում ենք` ոչ: Իսկ այսպես կարծելու հիմք են ծառայում թեկուզ ԵԽԽՎ-ում նրանց հակահայկական հայտարարությունները: