Ե՞րբ ենք բոլորս նույն՝ հայանպաստ նպատակի համար ապրելու

Ակնհայտ է ու անվիճարկելի՝ մինչև աշխարհասփյուռ համայն հայությունը, հանձին աշխարհով մեկ ցրած ուժերի, չսկսի մեկ միասնական նպատակ հետապնդել, հաջողությունը մեր դուռը չի ծեծելու:  
 
Վեցերորդ անգամ Երևանում կայանալու է Հայաստան-Սփյուռք համաժողովը: Սեպտեմբերի 19-20-ին նախատեսված համաժողովի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել: Հատկապես կարևորվել է համահայկական կարևորության այդ ձեռնարկին ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը: 
 
Ամեն անգամ այդպիսի համաժողովը առիթ է դառնում, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները հավաքվեն Հայաստանում, կարևոր տեսակետներ ու նկատառումներ լսեն, իրենց մտահոգություններն ու կարծիքները հայտնեն, նոր ծանոթություններ ձեռք բերեն, նախաձեռնությունների հիմքեր դնեն... Նաև՝ այցելեն բնօրրանի տեսարժան վայրեր, հողից ուժ առնեն: Այդ համաժողովները խոր հետք են թողնում նաև հայաստանցիների վրա, ովքեր այդ օրերին առիթներ են ունենում մասնակցելու համաժողովի աշխատանքներին կամ դրա շրջանակներում կազմակերպված ամենատարբեր միջոցառումներին: 
 
Սփյուռքի ներուժը հայկական պետությունների համար շատ ավելի արդյունավետ կարող է լինել: Սակայն սփյուռք ասածն էլ այնքան բազմաբնույթ, տարակարծիք, մասնատված երևույթ է, և այն համախմբելը բավական բարդ է ու աշխատատար: ՀՀ սփյուռքի նախարարությունն այդ ուղղությամբ ջանքեր չի խնայում, բայց Հայաստանում առկա տրամադրությունները (սոցիալական ծանր վիճակից ծնվող դժգոհություններ, քաղաքական անմիաբանություն և այլն) ուղղակիորեն տարածվում են նաև Սփյուռքում: Թերևս պետք է գտնել մեզ բոլորիս միավորող թելերը, և հարաբերությունները դրա վրա կառուցել: 
 
Համաժողովից համաժողով հայությանը սպառնացող վտանգներն ավելացած են լինում, նորանոր մարտահրավերներ են ի հայտ եկած լինում, որոնք հաղթահարելն առավել կազմակերպված գործելակերպ է պահանջում: Գուցեև այս համաժողովը դառնա այն եզակին, որը հայրենիքում համախմբված հայաստանցի-արցախցիներին ու սփյուռքի ներկայացուցիչներին որոշակի՝ պատճառաբանված ու անհրաժեշտ հանձնարարություններով ու պարտականություններով կծանրաբեռնի, բոլորի մտքերը կուղղի մեր ընդհանուր նպատակին՝ բնօրրանում շեն տուն ունենալ, բնօրրանից դուրս՝ հայաշունչ Սփյուռք: Նաև նրանք, ովքեր մտածում են, որ ծովից ծով Հայաստանի փոխարեն մեր ժամանակներում պետք է սկսել օվկիանոսից օվկիանոս ցրված հայերին «Հայք» գաղափարի շուրջը միավորելու գործը, անշուշտ, պետք է որ սեպտեմբերյան այդ օրերին լարված աշխատեն, որպեսզի իրոք համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկը նպատակին հասնի: Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համագործակցելու առաջարկով Սփյուռքին էր դիմել: Հուսանք, որ այդ համաժողովին սա էլ գործնական դրսևորումներ կունենա: