Քրտինքով վաստակած՝ «Վեոլիայի» տարած

ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Որքան էլ փորձես մեծահոգությունդ կուտակել ու ջանաս ինքզինքդ տրամադրել, թե «Երևան ջուր»-ժամանակներից պարտք ես «Վեոլիա ջուր»-ին՝ չես կարողանա: Ամենապարզունակ տրամաբանությամբ՝ դա անկարելի է: Բայց արի ու տես, որ  «Վեոլիայի» հռչակած՝ վերահաշվարկ կոչվածը իսկական պատուհաս է դարձել սպառողների գլխին:
 
Թե դրան ինչպես է վերաբերվում կառույցի ֆրանսիացի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն՝ դժվար է ասել, զի հայախոս երևանաբնակների զայրույթն ու տարակուսանքները նա անձամբ լսել չի կարող:
 
Մի խոսքով՝ «Վեոլիա ջուր»-ն իր նախորդի իբր չհավաքագրած գումարների պահանջ է ներկայացնում գրեթե բոլոր բաժանորդներին: «Հիմնավորումն» այն է, թե «Երևան ջուր»-ը կօգուտ սպառողի՝ նվազեցրել է օգտագործված ջրի քանակը: Օ՜, թույլ տվեք ազդվել՝ մատակարարը քար է գցել իր եկամուտների գլխին: Սրամիտ մոլորեցում, որի վրա մի լավ ծիծաղելուց հետո, երկրորդ հումորն էլ ինքդ ես ուզում հորինել՝ «Երևան ջուր»-ի օրոք մեր բնակարանների հաշվիչները նույնպես հօգուտ սպառողի «կուլ են տվել» օգտագործված խորանարդները, իսկ հետո «Վեոլիայի» ականջին շշնջացել…
 
Հումորը՝ հումոր, բայց «Վեոլիայի» այս քայլն այլ կերպ չես որակի, քան մեքենայություն: Եթե էլէներգիայի ու գազի հաշվիչները ամբողջովին տեսուչների տրամադրության տակ են, և դրանց թվերը «կլորացնելն» ընդամենը տեխնիկայի խնդիր է, ապա ջրամատակարների բախտը չի բերել՝ մեր բնակարաններում մեր ներկայությամբ են նկարում հաշվիչի ցուցմունքը: 
 
Միայն մեկ օրինակ՝ հիմնավորելու այն կասկածը, որ մեր ջրամատակարարը խաբեությամբ գումարներ է կորզում: Հենց իրենց հռչակած վերահաշվարկի արդյունքում 2017թ. հոկտեմբերին սպառողներից մեկի վճարման անդորրագրում նշված է, որ այդ բնակիչը 28.44 դրամ կանխավճար ունի «Երևան ջուր»-ին: Բնականաբար՝ այդ բնակիչը չի էլ մտածել հետ պահանջել այդ մանրադրամը: Բայց «Վեոլիայի» համար արժեքավոր է յուրաքանչյուր «մանրադրամ», որը եռանիշ թվերով է սկսվում: Եվ հոկտեմբերին կանխավճար ունեցող սպառողը 4 ամիս հետո՝ 2018-ի մարտին տեղեկացվում է, որ «Երևան ջուր»-ին պարտք է 208.51դրամ: Այս պարագայում, իհարկե, գումարի չափն առանձնապես անհանգստացնող չէ՝ մի քանի հազար դրամանոց պարտքերի պահանջի դիմաց, բայց վիրավորական է, երբ մարդուն ասում են՝ մի կողմ դիր արժանապատվությունդ ու թույլ տուր, որ քեզ խաբեն և բարեհաճորեն լայն բաց արա դրամապանակդ:
 
Օրինաչափ մի հուշում. եթե «Երևան ջուր»-ը դիտավորությամբ հօգուտ սպառողի նվազեցրել է վճարները, ուրեմն հենց նրանից էլ պետք է պահանջել այդ գումարները: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում՝ իսկ հաշվիչի ցուցմո՞ւնքը. չէ՞ որ դրա ամրագրած խորանարդների դիմաց վճարումներն արված են:
 
«Վեոլիա ջուր»-ի հաջորդ հնարամիտ քայլը, երևի, հաշվիչների դեմ արշավն է լինելու: ՈՒ ոչ մեկը կասկած չունի, որ լաբորատորիաներում հեշտ ու հանգիստ «կապացուցեն», թե բնակիչները խափանել են հաշվիչները: Ահա լրացուցիչ գումարներ կորզելու նոր ակունք՝ տույժուտուգանք անունով: