ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌՎԵՑ

«ՀՀԿ տատիկին» գցեցին գետնին

Հանրության կողմից որպես «ՀՀԿ տատիկ» ճանաչված Սուսաննա Մարգարյանն այսօր Կառավարության շենքի առջև հայտնվեց սկանդալի կենտրոնում:

Հայտնի փաստ է, որ ամեն հինգշաբթի մեր քաղաքացիները տարբեր խնդիրներով հավաքվում են կառավարության շենքի առջև` իրենց խնդիրներն անձամբ ներկայացնելու, անհանգստացնող խնդրի վերաբերյալ որևէ պաշտոնյայի դիմումներ հանձնելու նպատակով: Եվ մարդաշատ նման վայրերում ինքնադրսևորվելու առիթը բաց չի թողնում նաև այս կինը: Նա երբեմն-երբեմն քննադատում է բողոքավորներին` ստելու, շոուներ անելու համար: 

Հավաքվածներից ոմանք այսօր քաղաքապետարանից պահանջում էին իրենց բնակարանների արժանապատիվ փոխհատուցում: Դա դուր չեկավ տատիկին, և նա սկսեց անեծքախառն հանդիմանել`

- Դուք տներ ունեք, գետինը մտնեք դուք, թքեմ ձեր նման հայի երեսին,-խոսքի  «մարգարիտները» շաղ տվեց տարեց կինը: 

Սա առաջացրեց ներկաների վրդովմունքը, իսկ տարեց մի տղամարդ հարվածեց ՀՀԿ  տատիկին:. Մի տնից չենք, մի հալի ենք: Անգամ այս կարգախոսը հավաքվածներին չստիպեց  ողջախոհություն հանդես բերել ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ: