ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅ ՄԱՅՐԱՔԱՂԱ՞Ք

Գլենդելի քաղաքային խորհուրդը համալրվել է հայերով

Աշխարհով մեկ ցրված սփյուռքը միշտ հայերիս ցավն է եղել, բայց որ այդ սփյուռքը կհամալրվի մեր օրերում, որ Հայաստանը դատարկվելով՝ սնունդ կտա արտերկրի գաղթօջախներին, երևակայել անգամ չէինք կարող: Սակայն այդպես էլ եղավ: Խորհրդային Միության փլուզումից հետո հայաստանցիներից շատերը Ամերիկա հասան ու սկսեցին որոշ տեղերում իրար գլխի հավաքվել: Այդպես էր, որ Գլենդելը հայերով լցվեց, լցվեց, ու հիմա այնքան է հայաշատ դարձել, որ արդեն ընտրություններում հայ թեկնածուներ են հաղթում:

Այդ քաղաքի քաղաքային խորհրդի երեք թափուր տեղերի համար տասը հոգի պայքարի մեջ է մտել, և բոլոր երեք տեղերն էլ բաժին են հասել հայ թեկնածուների՝ Արա Նաջարյանին, Զարեհ Մինասյանին, Վրեժ Աղաջանյանին: Ընդ որում՝ առաջադրված տասը թեկնածուներից հայ է եղել 4-ը: 

Թե ինչ հայանպաստ գործեր կանեն նրանք երկրագնդի հակառակ կողմում` գլենդլցիները կիմանան: Եթե ընտրել են, ուրեմն ակնկալիքներ ունեն: Բայց եթե այդ հայանպաստ գործերի թվում այնտեղ ապրողներին հայ պահելը լինի, իսկ այնտեղից հոգնածների համար՝ Հայաստանը հրապուրիչ դարձնելը, ապա ուրեմն բարով են ընտրվել:

Մեր ցավն այն է լինում, որ դրսի աշխարհում հաջողության հասած հայերը փորձում են տվյալ վայրի գլխարկը դնել, իսկ երբ հայտնվում են այդ գլխարկի տակ, սկսում են իրենց ազգին ու երկրին խեթ նայել:

Հուսանք՝ սա այդ դեպքը չէ: