ԱՎԵՏՈՒՄՆ ՏԻՐԱՄՈՐ

Օրվա խորհուրդը

Ողջույն քեզ Մարիամ՝ լի շնորհներով. Օրհնյալ ես դու բոլոր կանանցից, և օրհնյալ է որովայնի պտուղը քո՝ ՀԻՍՈՒՍ...

 
Այսօր  Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև աշխարհիկ տոն է՝ Մայրության և գեղեցկության:
 
Ո՞րն է ապրիլյոթյա խորհուրդը՝ Տիրոջ Որդու, մեր ՕԾՅԱԼ ՓՐԿՉԻ մայրը դառնալու ավետիսը, իհարկե: Շնորհավորենք բոլոր մայրերին և հիշենք պատգամը Հիսուսի՝ «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Զի սերն է հրաշագործ՝ բոլոր հրաշքներից և ապաքինումը՝ հոգևոր բոլոր ախտերից:
 
Սիրե՛նք զմիմյանս և աղոթք-ապաշխարանք հղենք առ Տիրամայր՝ Նարեկացու խոսքերով.

 

 
ԱՊԱՎԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՌ ՏԻՐԱՄԱՅՐ
 
Քո բազկատարած սուրբ աղոթքներով օժանդակի՜ր ինձ, Դո՛ւ խոստովանված Մա՛յր կենդանության։ Երբ այս աշխարհի հովիտից դուրս ելնեմ, այնպե՜ս արա, որ առանց լլկանքի իմ մուտքը լինի Երկնային կյանք, Որդուդ պատրաստած օթևաններում։ Որպեսզի ես էլ, որ ծանրաբեռն եմ մեծ հանցանքներով, իմ վախճանի մեջ ծանր բեռներիցս այլևս ազատվե՜մ։ Տագնապի օրս Դո՛ւ այլափոխիր ցնծության տոնի, Դու որ բուժեցի՛ր երկունքն Եվայի։ Արդ բարեխոսի՜ր, խնդրի՜ր, աղաչի՜ր, որովհետև որ աննկարագրելի մաքրությանդ համար, հավատում եմ, թե՝ խոսքդ կընդունվի։ Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներո՜վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալըդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՜ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո։ Հոգածո՜ւ եղիր թշվառիս հանդեպ՝ Բարձրյալի՜ Խորան։ Մեծ դաժանությամբ այսքան ընկածիս սո՛ւրբ Ձեռքդ մեկնիր, Տաճա՜ր Երկնային: Արդ փառավորի՜ր Քեզնով քո Որդուն, որ Աստվածորեն ինձ համար էլ իր ողորմությունը և Քավությունն իմ հրաշագործի, ո՜վ Դու Աղախին և Մա՜յրդ Աստծո։