Երբ պատրաստակամությունը երկուստեք է

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը՝
 
- Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին:
 
Ինչպե՞ս և ի՞նչ գործիքներով է քաղաքացիական հասարակությունը վերահսկելու նոր կառավարության աշխատանքը:
 
Այս հարցերի պատասխանների իրենց տարբերակներն էին ներկայացնում «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման մասնակիցները:
 
Բանախոսներից Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն) նոր կառավարության հետ համագործակցությունն ինքնանպատակ չհամարեց. իրենք կառավարությունից ակնկալում են իրավական  գնահատական տալ կազմակերպության ներկայացրած բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներին, ինչպես նաև  պատժել մեղավորներին : 
 
Գևորգ Տեր-Գաբրիելյանը («Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն), Արթուր Սաքունցը, (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ) համաձայն չէին , որ քաղաքացիական հասարակությունը, ունենալով ներկայացուցիչներ նոր կառավարությունում, ստիպված կլինի սահմանափակել իշխանություններին վերահսկելու գործիքները: Բանախոսները նկատեցին, որ ժողովրդավարական երկրներում քաղաքացիական հասարակության և իշխանությունների համագործակցությունը շատ նորմալ է համարվում: Եվ որ միայն ավտորիտար ռեժիմի դեպքերում է քաղհասարակությունը ստիպված իր վրա վերցնել ընդդիմության գործառույթը: Ինչը և անում էր հայաստանյան քաղհասարակությունը՝ մինչև թավշյա հեղափոխություն:
 
Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող)  հանդիպման եկել էր ԱԺ-ից, որտեղ մասնակցել էր  Ընտրական նոր օրենսգիրք ունենալու մասին քննարկմանը: Նա ասաց, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չի ընդունում նոր ԸՕ-ի գաղափարը.
 
- Սա նշանակում է, որ ժողովրդի վստահությունը չունեցող, սակայն ԱԺ  մեծամասնություն ՀՀԿ-ին իրականությունը հասկացնելու ձևեր կան: Մասնավորապես, կարող են կրկնվել այն ակցիաներ որոնք եղան մայիսի 1-ից հետո, երբ ՀՀԿ-ն հրաժարվեց վարչապետ ընտրել  Նիկոլ Փաշինյանին:
 
Բանախոսները մի հարցում համակարծիք էին՝ քաղհասարակությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նոր կառավարության հետ, քանի որ կառավարությունն էլ ի՛ր կողմից է պատրաստ  լսել  քաղհասարակության ներկայացրած խնդիրներն ու լուծումներ փնտրել: