Գուցե մենք էլ ուշ ժամերին պայթող հրավառություննե՞րն արգելենք
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ «ՀՈՏԱՌԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ»
Իտալիան, որի մասին խոսելիս դրսի աշխարհը չի մոռանում մակարոնի նկատմամբ նրա բնակիչների սերը, մտադիր է յուղալի ուտելիքների սուր հոտերի համար վարչական պատասխանատվություն նախատեսել: Իտալական դատարանի նման գործելակերպի պատճառը ամեն տարի բնակիչներից ստացվող հարյուրավոր հայցերն են:
Քանի որ դատարանը նման հայցերը անուշադիր է թողել, դրանք տարիներով կուտակվել են: Եվ ահա արդեն մեկ նախադեպ գրանցվել է՝ դատարանը քննել է Մոնտեֆալկոնե փոքրիկ քաղաքի բնակիչներից ստացված հայցը այն մասին, որ այլևս չեն դիմանում հարևանի բնակարանից տարածվող սննդի հոտին: Այդ տանը բնակվող տարեց զույգը մեղավոր է ճանաչվել. նրանք կա՛մ պետք է մեկուկես եվրո տուգանք վճարեն, կա՛մ մեկ ամսվա կալանք կրեն: Դատարանի որոշման մեջ նշում է՝ առանձնապես սուր հոտերը, որոնք շրջապատին զրկում են լիաթոք շնչելու հնարավորությունից, այսուհետև համարվելու են «հոտառական անհանգստություն»:
Թե ինչքան բազմազան «անհանգստություններ» են այսօր խաթարում հայաստանյան քաղաքների ու գյուղերի կյանքը, բոլորն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում: Դրանք հաստա՛տ միայն հոտառության զգայարանների «իրավունքը» չէ, որ ամենուր խախտում են, երևի նման ոտնձգություններից անհատի ոչ մի զգայարան չի խուսափում: Բայց ամենաշատը, թերևս, բարձր ձայների ազդեցությունն է մարդկանց նյարդայնացնում:
Ճիշտ է՝ Հայաստանում այս ուղղությամբ որոշ քայլեր արվել են, արդեն արգելվել է ժամը 12-ից հետո որոտաձայն երաժշտություն միացնել, ընդհանրապես առաջներում ամեն ակյունից դղրդացող երաժշտության ձայները պակասել են: Միայն թե չգիտես ինչու՝ ոչ մեկը չի «նկատում» հաճախակի թնդացող հրավառության պայթյունները, որոնք կարող են գիշերվա ժամը 2-ին, 3-ին մի ամբողջ թաղամաս տագնապահար քնից հանել: Երևի եթե այսպիսի գոնե մեկ նախադեպ էլ Հայաստանում գրանցվեր, իրենց տեղային ուրախությունը գիշերվա կեսին ընդհանուրին պարտադրելու չտեսությունը կզսպվեր: Եվ մարդն արդեն իր սեփական հաճույքը վայելելուց առաջ մի փոքր կմտածեր՝ իսկ դրանով անուղղելի վնաս չի՞ հասցնում հարևանին, բարեկամին կամ թեկուզ բոլորովին օտար մարդկանց: Որովհետև եթե դու կողքինիդ իրավունքը չես հարգում, նրանից էլ որևէ բան պահանջել չես կարող: