ՄԵԾԱՐՈՒՄ ԵՎ ԽՆԿԱՐԿՈՒՄ

Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման ցերեկույթ Սփյուռքի նախարարությունում

Համաժողովրդական տոները յուրովի են նշում Սփյուռքի նախարարությունում: Նպատակը մեկն է՝ հաճելի պահեր պարգևել մասնակիցներին, ջերմացնել նրանց հոգիները և ավելի լուսավոր դարձնել նրանց հայացքներն առ հայրենիք: Տիրամոր Ավետումի օրը ևս սովորական աշխատանքային օր չէր կարող լինել այստեղ, և առօրյա գործնականությունը համեմվեց բազում հուշերով ու հույզերով:

 

Այսօր մայրության և գեղեցկության տոնի առթիվ   նախարարությունում մեծարում էին Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց և խնկարկում զոհվածների հիծատակը: Մեծարման ցերեկույթին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկներ Զոյա Մարտիրոսյանի, Ռուզաննա Եսայանի,  Մարիետա  Սարգսյանի, Արմինե Սարգսյանի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, ինչպես նաև պատերազմի արհավիրքների միջով անցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:
 
- Ես ուզում եմ սիրով, առանձնակի ջերմությամբ շնորհավորել բոլոր կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանալ ամենակարևորը՝  խաղաղ երկինք մեր Հայրենիքին, մեր Արցախ աշխարհին, մեր սրբազան հողին: Եվ պատահական չէ, որ այսօր կրկնակի տոն է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: 
Անկրկնելի է հայ կինը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նվիրված ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտության պահին՝ օժտված իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու և տքնելու, ինքնազոհողության ու նվիրումի կարողությամբ,-ողջունելով հրավիրյալներին՝ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  
 
Նա ընդգծեց, որ միջոցառումը նվիրվել է Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց՝ այն առյուծասիրտ հերոսներին, որոնցից ոմանք բռնեցին անմահության և հավերժության ուղին, իսկ նրանցից շատերը այսօր էլ մեր կողքին են՝ որպես կենդանի լեգենդներ, արարող մայրեր և նվիրյալներ:
Ինչպես և թելադրում էր օրվա խորհուրդը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների հիշատակը, և նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ առ մեկ հնչեցրեց նրանց անունները:
 
Ազատամարտի բովով անցած կանայք և նահատակների մայրերը հուզմունքով էին լսում նախարարի գնահատանքի խոսքը.
 
-Ես խոնարհվում եմ այն մայրերի առջև, ովքեր ծնել, մեծացրել ու դաստիարակել են այնպիսի դուստրեր, որ դարձել են հայրենասիրության և հայրենապաշտության օրինակներ, որ կրել և կրում են Փառանձեմ թագուհու և Սոսե մայրիկի գեները: Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են, մեր կողքին ու մեր հոգում, մեր հաղթանակած բանակի ակունքներում: Ես նայում եմ ձեզ և հասկանում, որ միայն այսպիսի մայրերը կարող էին հերոսներ ծնել ու դաստիարակել: Ձեր նվիրումը անգնահատելի է: 
 
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև հայրենադարձ կանանց՝ նշելով, որ նրանք էլ յուրօրինակ հերոսներ են, ովքեր  լավ են գիտակցել, որ Հայրենիքից հզոր և կենարար հող չկա, և իրենց ապագան կապել են Հայաստանի հետ:
 
- Մեր ջոկատի քաջարի կին մարտիկներից որևէ մեկը ներքին վարանում չի ունեցել զենքը ձեռքը վերցնելիս և մարտի դաշտ գնալիս: Նրանք լավ գիտեին՝ Հայրենքիը մեկն է, հողը՝ սուրբ, իսկ հայրենիքի հանդեպ սերը՝ ամենազորավորը  բոլոր մարդկային զգացմունքներից,-նշեց «Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նույն պատրաստակամությամբ ազատամարտիկ կանայք անցած ապրիլին ևս եղել են դիրքերում՝ հայ զինվոի կողքին:
 
- Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել հայ կանանց: Սա մեր պետական օրացույցի ամենագեղեցիկ տոներց մեկն է և հիանալի առիթ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու հայուհիների առջև, նրանք ամուր սյուների նման կանգուն են պահում մեր պետականությունը: Այս միջոցառումը ազգ-բանակ գաղափարախոսության շարունակությունը կարծես լինի, որտեղ յուրաքանչյուրս զինվոր ենք, իսկ հայ կինը զինվոր է կրկանկի՝ ծնելով քաջարի մարտիկներ և հարկ եղած դեպքում մարտի դաշտ մեկնելով,- ասաց Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը:
 
Տպավորիչ էր հատկապես այն, որ միջոցառման ընթացքում հնչում էին մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ցուցադրվում հատվածներ՝ կին ազատամարտիկների մասին պատմող ֆիլմերից և հաղորդումներից: