Երևանը քաղաքական ուժերին «չի հետաքրքրում»
Թաքստոցից դուրս գալու ժամանակն է
ԱԺ-ի ապրիլի 2-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտում մարել է օրեր առաջ մոլեգնած ակտիվությունը չենք նկատում: Տարօրինակ է, որ ԱԺ-ի ընտրություններում պարտված ուժերը որոշել են չմասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին: Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ ընտրություններում հաղթում են ընտրակաշառքը, ֆինանսական ու վարչական ռեսուրսները, թաղային հեղինակությունները: Եվ ամենաանընկալելին այն է, որ քաղաքական ուժերը հաղթահարել չեն կարողանում իրենց իսկ սահմանած խաղի կանոնները:
Իսկ ահա ԱԺ-ում խմբակցություն ունեցող և Սահմանադրության փոփոխության հետ հույս կապող ՀՅԴ-ն ասել է, որ իրենք պետք է վերլուծեն ընտրություններում իրենց ցածր արդյունքները: Կուսակցությունը հավաստիացնում է, որ խորհրդարանի ընտրություններին չմասնակցելով հանդերձ՝ ուշադրության կենտրոնում կպահի Երևանի խնդիրները: Նման խոստում տալիս է նաև ավագանու ընտրություններին չմասնակցող ՀՎԿ-ը: Բայց ինչպե՞ս՝ եթե քո ձայնը հնչեցնելու ամբիոնից հրաժարվում ես: Երևի վերահսկիչի դերն ավելի պատվաբեր է պարտվողի կարգավիճակից...
Երբ մանդատի ախորժակ ունեցող և հուսախաբ եղած ուժը չի ցանկանում ռեսուրսներ ներդնել քաղաքապետի ընտրությունների համար, սա դեռ ինչ-որ կերպ հասկանալի է: Բայց տրամաբանակա՞ն է, երբ խորհրդարանում խմբակցություն ունեցող միավորն է նման հայտարարություն անում: Պատճառները, իհարկե, պարզ են: Հասարակական հիմունքներով, էնտուզիազմի վրա հենված ոչ մի կառույց ինտենսիվ չի աշխատում: Վկա՝ հանրային խորհուրդը, որն առիթից առիթ է միայն ոչ մեկին ոչինչ չպարտավորեցնող հայտարարություններ տարածում, հազվադեպ նիստեր գումարում:
Նույնը ավագանու պարագայում է: Երևանի փորձը ցույց տվեց, որ ավագանի կոչվածը ձևական միավոր է: Երկրորդ պատճառը ֆինանսների բացակայությունն է: Եթե տարիներ առաջ բիզնեսմենները բացահայտ կամ գաղտնի ֆինասնավորում էին քաղաքական որոշ ուժերի, այսօր հակառակ վիճակն է: Եվրոպաներից ու ամերիկաներից էլ փող պոկելը բոլորի խելքի բանը չէ: Բացի այդ՝ որոշ կառույցներ ու գործիչներ վաղուց խցկվել են նրանց գրպանները: Այնպես որ՝ դեպի ուրիշի գրպաններ մուտքի տոմսերը վաճառված են:
Սակայն երկրի քաղաքական համակարգից դժգոհ, բարեփոխումների անհրաժեշտությունից խոսող քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ իշխանափոխությունը սկսվում է տեղերում՝ գյուղերում, քաղաքներում համակիր-հենարաններ ձեռք բերելով: Տեղական իշխանությունը հանրության հետ կապը պահպանելու առաջին և ամենահուսալի օղակն են: Դժվա՞ր է հասկանալ կամ գիտակցել, որ ավագանու անդամներ ունեցող քաղուժերը նրանց միջոցով ուշադրության կենտրոնում կպահեն մայրաքաղաքի անթիվ խնդիրները. թեկուզ արդյունքի չհասնելով՝ պատկան մարմինների առաջ կբարձրացնեն բնակիչներին հուզող կենցաղային խնդիրներըերը, ձեռք կբերեն ճանաչում: Բայց այսօրվա դրությամբ միայն երեք ուժ՝ ՀՀԿ-ն, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ելք» դաշինքն են հայտ ներկայացրել քաղաքապետի աթոռի համար պայքարելու:
Ինչքան էլ ՀՀԿ-ըն հավաստիացնի, որ հաղթելու են, միևնույն է, ըստ տեղեկությունների՝ Տարոն Մարգարյանն անհանգստանալու պատճառ ունի:
Բանն այն է, որ ԱԺ-ի ընտրություններում նա «թաքնվեց» Կարեն Կարապետյանի թիկունքում, ում հանրության մի ստվար հատված վստահում է: Իսկ այս անգամ հանրության վստահությունը շահելու ողջ բեռը նրա ուսերին է լինելու: Իսկ այսօրվա Երևանը բոլորովին նման չէ տեր ունեցող քաղաքի: Սրան էլ եթե հավելենք հասարակական տրանսպորտի վիճակը, ապօրինի հողազավթումների, շինարարությունների, կանաչ տարածքների նվազման խնդիրները, դատարաններում քաղաքապետարանի որոշումների դեմ հայցերը, կարծում ենք՝ այս ընտրությունները փորձություն կլինեն «լավագույն» քաղաքապետի համար: