«ԿԱՐՏԱՍԱՆԻ՞, ԹԵ՞ ՉԻ ԱՐՏԱՍԱՆԻ»

Ապրլիքսանչորսյան երկընտրանք

Մի քանի օրից աշխարհի բոլոր հայաշատ վայրերում նորից ծաղիկներ են խոնարհվելու, մոմեր են վառվելու, սրբադասված նախատակների հիշատակն է խնկարկվելու: Ու նորից հայությունը միասնական է դառնալու: Որքան էլ այդ միասնականության առիթը ողբերգական է (բայց մի՞թե այնպես չի ստացվել, որ մեզ ամենաշատը ողբերգական առիթներն են միավորել ու ուժ տվել), մենք լավ կանենք այն օգտագործենք գզվռտվող աշխարհի մեր անկյունը կարգի բերելու, մեր ուժը ճիշտ կողմ ուղղելու համար: Հետընտրական Հայաստանում հիմա շատ բացասական լիցքեր են կուտակվել, մեզ պառակտող գործոններն ուժեղացել են: Մեր երկրի ներսում անարդյունք գզվռտոցին վերջ տալու ժամանակը չէ՞, որպեսզի արագորեն փոփոխվող աշխարհում մեր տեղը հաստատենք:

 

Ապրիլի 24-ը մոտենում է, ու մեր հասարակության մեջ նորից սպասողական վիճակ է առաջացել՝ ԱՄՆ այս նոր նախագահը «ցեղասպանություն» բառը կարտասանի՞, թե՞ ոչ, կամ Հայոց ցեղասպանությունը մի նոր երկիր կճանաչի՞ արդյոք:

Աշխարհի աչքի առջև ամեն օր ցեղասպանություններ են տեղի ունենում, մարդկանց ոչնչացնում են ազգային, կրոնական, ռասայական տարբերությունների համար, իսկ պետությունները երբեմն ինչ-որ դատապարտող ժլատ խոսքեր են ասում, հաճախ էլ ուղղակի արդարացնում են: Մենք ա՞յս աշխարհից ենք սպասում, որ Օսմանյան կայսրությունում ու նրա իրավահաջորդ Թուրքիայում հայերի հետ կատարվածին արդար ու արժանի գնահատական կտան: Կամ, եթե տան էլ, դրանից ի՞նչ է փոխվելու: Ասենք թե մոլորակի բոլոր պետությունները ճանաչեցին ու մի երկու հայտարարություն արեցին: Միակ արդյունքն այն չի՞ լինելու, որ Թուրքիան ամեն մեկի հետ իր «կոշտ» արձագանքն է հնչեցնելու, մի երկու պատժամիջոց է գործի դնելու, հետո նորից իր շահը հետապնդելով՝ համագործացելու է նրանց հետ:

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պետք է որ ինչ-որ բան փոխեր մեր պահվածքում ու ծրագրերում: Մենք պետք է ողբը մի կողմ դնեինք ու որևէ  մեկի ճանաչմանը սրտատրոփ սպասելու փոխարեն մեր դիրքերը պիտի ամրացնեինք: Նկատի ունենալով ԱՄՆ ներկա նախագահի անհավասարակշիռ պահվածքը՝ որոշ գործիչներ հույս են հայտնում, թե նա Օբամայի ու մյուսների նման երկերեսանի չի գտնվի ու բառը կարտասանի: Բայց մի՞թե դա մեր բնօրրանը մեզ կվերադարձնի կամ արժանի փոխհատուցում կտա (միլիոնավոր զոհերի կորուստն ու տառապանքը ինչո՞վ է հնարավոր փոխհատուցել):

Երկու տարի առաջ ապրիլի 24-ին մենք, իրոք, աննախադեպ միասնություն ցուցաբերեցինք, մոլորակի բոլոր ծագերում մենք մի ուղղությամբ էինք նայում, մի բանի մասին էինք մտածում, միասնական նպատակ էինք հետապնդում: Դա մի ահռելի էներգիա էր, որը չէր կարող անհետ կորչել: Այն այսօր էլ է մեր ներսում եռում ու ելքեր է փնտրում: Թրամփը հիմա չափազանց շատ է զբաղված Սիրիայի ու նրա շուրջը պտտվող հարցերով, որպեսզի, «ցեղասպանություն» բառն արտասանի ու դրանով մեր սրտերը հալվեցնի: Թեև անկասկած է՝ եթե արտասանի, հրճվանքի ալիք է բարձրանալու: