ՄԱՀ-ի ակնարկը կառավարությանը

Ռուսներին չենք «մուծվելու»

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը: Նա ընդգծել է, որ այդ պարտքերը պետության ուսերին չդնելու համար Ֆինանսների նախարարությունը պետք է ուշադիր հետևի խոշոր ձեռնարկություններում այդ պարտքերի գոյացմանը:

 

Հաճելիորեն զարմացնում է Հիմնադրամի առաքելության ղեկավարի նման մտահոգությունը և տարակուսանք ծնում. մի՞թե մեր պատկան ատյաններն անտարբեր են այնքան, որ չեն մտածել այս մասին:

ԱՄՀ-ի ղեկավարի այս հայտարարությունն առաջին անգամ չէ: 2015 -ին միջազգային  կառույցի ղեկավարը դարձյալ խոսել է այս մասին:  

Ըստ տնտեսագետների՝  ԱՄՀ-ի այս  հայտարարությունն ուղղված է  էներգետիկայն ընկերություններին, որոնքՀայաստանումպարտքերենկուտակում: Դրանք  հիմնականումռուսականպետականկորպորացիաներնեն՝«Գազպրոմ», «ՌԱՕԻնտեր»:  Եթե հավատանք այս  վերլուծությանը,  ԱՄՀ-ի այս ակնարկը նշանակում է՝ մենք պարտավոր չենք վարկեր տրամադրել ձեզ՝ ռուսներին «մուծվելու»  համար:

Մյուս կողմից, կարծում ենք, որ ԱՄՀ-ի այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռուսական ընկերությունների պարտքերին, այլև տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կուտակված անհասկանալի  պարտքերին, որոնց համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի  տվել:

 Հիշենք դեռ նախորդ տարի Երևանի ՋԷԿ-ի 52 մլն դոլարի պարտքը՝ «Գազպրոմ Արմենիային»: Էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանն այդպես էլ  հստակ չպատասխանեց, թե ում մեղքով է այդ պարտքը կուտակվել: Սակայն լրագրողական հետաքննությունը մի բան ցույց տվեց՝ ծանր իրավիճակում գտնվող Երևան ՋԷԿ-ը վարկ է տվել անհասկանալի վիճակում գտնվող «Նաիրիտին», 13.5 մլն դոլարի ջերմային էներգիա է մատակարարել, մոտորանավակ է գնել, հետո էլ՝ թանկ ու կրակ վարկեր  վերցրել ու հայտնվել պարտքային թակարդի մեջ։ Ու այս ամենն արվել է նախկին վարչապետ, այժմ ԵՏՄ-ում առոք-փառոք տեղավորված  Տիգրան Սարգսյանի  օրոք, ում եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը,  Նաիրիտի տնօրենն էր ու աստղաբաշխական աշխատավարձ էր ստանում:

Թե ինչ հետևություններ կանի  այս ամենից մեր կառավարությունը՝ ժամանակը ցույց կտա, բայց  ԱՄՀ-ի, կամ ինչպես կեսկատակ-կեսլուրջ տառադարձում են՝ ՄԱՀ-ի ակնարկը հստակ է: Եթե գործադիր մարմինը հարկաբյուջետային կոշտ քաղաքականություն այս հարցում չիրականացնի, ապա այն կպարտադրվի դրսից, ինչպես հարկային օրենսգիրքը պարտադրվեց: Կամ ավելի վատ տարբերակ՝ կհրաժարվեն Հայաստանին վարկավորել՝ ինչպես հայտարարել է տնտեսագետներից մեկը:

 

Այս իրավիճակը հիշեցնում է ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի: Դատավորներին  կանխիկ «վերցնում» են, մենք՝ ապառիկով «փակվում»: