ԲՈՒԺՈՒՄԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համբուրգի փոխարեն

Որ հայ բժիշկները կարող են հրաշքներ գործել, շատ անգամներ է ապացուցվել: Իրական սրտացավություն եթե լինի՝ հնարավորությունները կստեղծվեն: Երևի սա այդ դեպքն է, երբ հիվանդներին իսկապես օգնելու սրտացավությունն ու հնարավորությունները գումարվել են: Ի դեպ՝ վերջերս տեղեկություն տարածվեց, թե երեխայի կաթնատամներում պահպանվում են ցողունային բջիջները, և եթե ծնողները կարողանան ընկած կաթնատամն անմիջապես տեղավորել սառնարանում կամ հանձնել հատուկ պահպանության, կարող են վստահ լինել, որ հետագայում, եթե աստված չանի՝ հիվանդանան, դոնոր փնտրելու հարկ չեն ունենա: 

 

Քսանմեկերորդ դարի համաճարակը՝ չարորակ հիվանդությունները, աշխարհում առատ հունձ են անում, իսկ Հայաստանը այդ գծով վերջիններից չէ: Ցավոք՝ այսօր շատերի կյանքն է կախված հիվանդության հայտնաբերման արագությունից և բուժումը կազմակերպելու արդյունավետությունից: Շատ թե քիչ որակյալ բուժում ստանալու համար մարդիկ ստիպված են լինում մեծամեծ գումարներ ծախսել, հիվանդանոցներ փնտրել Հայաստանից դուրս: Եվ ահա ապրիլի 10-ին Հայաստանում մի նշանավոր իրադարձության սկիզբ է դրվել՝ առաջին անգամ հնարավոր է եղել ոսկրածուծի փոխպատվաստում իրականացնել: 
 
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երկու հիվանդի փոխպատվաստումը կատարել են Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և Արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմը՝ պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ: 
 
Վիրահատության ավարտից հետո լրագրողների հետ զրուցելով՝ Սմբատ Դաղբաշյանը նախ նշել է, որ հայկական արյունաբանության ոլորտում մի նոր էջ է բացվում, իրականություն է դառնում  երկար սպասված ցողունային բջիջների փոխպատվաստումը: Այս վիրահատությունից հետո վստահ կարելի է ասել, որ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներն այլևս ստիպված չեն այդ նպատակով այլ երկրներ մեկնել: Սմբատ Դաղբաշյանն ավելացրել է, թե Արյունաբանական կենտրոնում հիվանդը կստանա նույն բուժումը, ինչ կստանար, եթե ընդունվեր Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկա։ 
 
Հայ բժիշկների խումբը վերապատրաստվել է Համբուրգում: Հայաստանում ամեն տարի 60 հիվանդ փոխպատվաստման կարիք է ունենում, այս տարվա ընթացքում հնարավոր է՝ կարողանան 7-10 հիվանդի բուժումը կազմակերպել Երևանում: