Բուժման արդյունավետությունը դեռ ցածր է
Պալարախտ, թոքախտ կոչվող վարակիչ հիվանդությունը, փաստորեն, դեռևս անհաղթահարելի է մնում աշխարհում: Բնականաբար նաև՝ Հայաստանում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում՝ տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:
Ընդգծելով, որ Հայաստանում վերջին տարիներին առողջապահական բարեփոխումների շնորհիվ տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատվել են, սակայն այս հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:
Մեր երկրում տուբերկուլոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:
- Այդուհանդերձ, տուբերկուլոզի նոր և կրկնվող դեպքերի ցուցանիշը դեռևս բարձր է, իսկ բուժման արդյունավետությունը դեռ ցածր է, մոտ 81%՝ դեղերի հանդեպ զգայուն և 50%-ից պակաս՝ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի դեպքում: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղակայուն տուբերկուլոզի բարձր բեռ ունեցող երկրների շարքում է: Ընդհանուր առմամբ, տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը բուժվում է հիվանդության այս ձևից,- փոխանցել է նախարարը:
Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ավելի լավ դեղամիջոցների օգտագործումը, հետևելով դրանց ընդունման և խելամիտ կիրառման վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, կարևոր առաջընթաց քայլ էր մեր երկրի համար:
Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման՝ 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը՝ առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա: