Նվազել են երեխաներին ուղղված հանրային ծախսերը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ներկայացրել է Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:
 
Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը: 2012 և 2015 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երեխաներին ուղղված ծախսերում կրթության գծով ծախսերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 34.7 տոկոս և 31.6 տոկոս, սոցիալական պաշտպանության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 12.7 տոկոս և 12.2 տոկոս, իսկ առողջապահության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 8.4 տոկոս և 8.3 տոկոս:
 
Ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այն ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում:
 
- Երեխաներին ու դեռահասներին ուղղված հանրային ծախսերը կարևոր դեր են կատարում աղքատության ազդեցությունը նվազեցնելու գործում: Այսօր գործի դրված միջամտություններն ու քաղաքականության ընտրությունը կորոշեն հայ երեխաների և դեռահասների՝ իրենց ողջ ներուժին հասնելու հավանականությունը հիմա և ապագայում,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:- Բազմիցս արված հետազոտությունները վկայում են, որ հարաբերականորեն փոքր ֆինանսական ծախսերը վաղ մանկության ընթացքում բազում օգուտներ կբերեն ողջ կյանքում ոչ միայն անհատների, այլև՝ հասարակության և տնտեսության համար:
 
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվել է նրանց կյանքի պահպանման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, մինչդեռ մասնակցության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը: Սա վկայում է երեխաների և դեռահասների մասնակցության իրավունքի իրացումը խթանելու նպատակով թիրախավորված ներդրումների անհետաձգելի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի վերջիններիս սոցիալական ներառմանն ու զարգացմանը:
 
Ուսումնասիրության մեթոդաբանությունը նախկինում լայնորեն կիրառվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ դրա արդյունքում արժեքավոր դասեր են քաղվել; Հայաստանյան ուսումնասիրության համար որպես մոդել կիրառվել է արգենտինյան ձևաչափը, որի շրջանակում էլ Հայաստան են այցելել Արգենտինայի Ազգային Գանձապետարանի գործընկերները: