Հայաստանում այլասերվածության քարոզ չի՛ իրականացվելու

Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունն ընդվզումի թիրախում ԼԳԲՏ համայնքը և ԱԺ պատգամավորներն էին:

 

Ակցիայի կազմակերպիչներն իրենց համարում են համաշխարհային պատմության մեջ ամենահին ուժը, որը կոչվում է հայ ազգ:
Նրանց խոսքով` ԼԳԲՏ-ն նաև ներխուժել է Ազգային ժողով, արմատավորվել տարբեր տեսակի ներկայացուցիչների տեսքով.

- Մենք պահանջում ենք, որ Ազգային ժողովը լուծարվի, քանի որ այնտեղ գտնվող մարդիկ, այդ թվում և ԼԳԲՏ-ականները, չեն ներկայացնում և չեն իրականացնում հանրության պատգամը:

ԼԳԲՏ-ի դեմ կայացած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում Ազգային արժեքների պահպանման ճակատ հկ ղեկավար Սևան Աղաջանյանը նշել է.
 
- Վերջերս Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանգիստ կարելի է որակել որպես այլասերվածության քարոզ:

Ես  մտավախություն ունեմ, որ այսուհետ փոփոխության կենթարկվի նաև հայ եկեղեցու ծիսական կարգը, հատկապես ամուսնության մասով: «Որդյակ իմ փեսա, տե՞ր ես, կամ` դուստր իմ հարս, հնազա՞նդ ես» հարցերի փոխարեն կհնչեն` «գենդերային քաղաքացիներ, լեսբուհիներով ու հոմոսեքսուալներով համատեղ ապրելուն համաձա՞յն եք»:
 

Այլասերվածության քարոզն անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև` անօրինական:
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը:

 

Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների հավասարության մասին, ապա բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում, ըստ Սահմանադրության, ըստ բոլոր նորմերի, ակտերի, օրենքների` ունեն հավասար իրավունքներ: Իսկ եթե մենք խոսում ենք այն մասին, որ ոմանք ցանկություն ունեն այլասերվածության քարոզ իրականացնել և դրա համար ինչ-որ յուրահատուկ իրավունքներ են պահանջում, ապա մենք ասում ենք, որ նմանատիպ իրավունքներ նրանք չեն ստանալու: Հայաստանի Հանրապետությունում այլասերվածության քարոզ չի իրականացվելու: