Աշխարհի կործանումը տիեզերքի՞ց սպասենք

Դարերի խորքից մեզ հասած հեքիաթներում, զրույցներում, տարբեր պատմություններում աշխարհի կործանման թեման շատ է շոշափվել: Հիմնականում դրա պատճառ է դիտվել երկնքից վրա հասնող ինչ-որ աղետ: Որ տիեզերքում բազմաթիվ մարմիններ են շրջում, որոնք ամեն օր սպառնում են Երկրի անվտանգությանը, մարդը, երևում է, վաղուց գիտի: Արեգնակային համակարգությունում առկա երկնաքարերի գոտին, որ ենթադրաբար՝ կործանված մոլորակի մնացորդներից է առաջացել, դրա համար անսպառ հումք է:

Մեր օրերում արդեն աստղադիտական նուրբ սարքերն են կարողնում մարդուն նախազգուշացնել: Ահավասիկ, «Սլուհ» աստղադիտարանի կայքը զգուշացնում է ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը «2014 JO25» անունով հայտնի երկնաքարը կանցնի Երկիր մոլորակի կողքով: Ընդ որում՝ սա ամենափոքր հեռավորությունն է վերջին 400 տարվա ընթացքում:  Կայքը նշել է, որ մոլորակի համար դա վտանգավոր չէ՝ տվյալ հեռավորությունն այդպիսի հնարավորություն չի տալիս, սակայն Երկրին մոտենալու պահին լավ տեսանելի կլինի նույնիսկ փոքր աստղադիտակներով, քանի որ փայլուն մակերևույթ ունի:

Բնականաբար՝ շատ երկրացիներ այդ օրը կցանկանան դիտել տիեզերական մարմնի անցումը. դա իսկապես գեղեցիկ ու ուշագրավ տեսարան կլինի: Ու դիտելիս լավ կլինի մտածեն, թե որքան փխրուն է Երկիր մոլորակի անվտանգությունը: Որովհետև ըստ վերը նշված կայքի` դա բավական մեծ և ահռելի արագությամբ (118 կմ/ժ) տեղաշարժվող աստղակերպ է, և եթե Երկրի հետ բախվելու լիներ, հետևանքներն աղետալի կլինեին:
Քիչ հավանական է՝ դիտողների թվում քաղաքական խոշոր խաղերի մասնակիցներ նույնպես լինեն: Որովհետև եթե այդպիսի բաներին ուշադրություն դարձնեն, պետք է ավելի շատ մտածեն ամբողջ մոլորակի շահերի մասին:

Մինչդեռ նրանք գերակա են դարձնում իրենց պետությունների կամ հենց իրենց մասնավոր շահը՝ ամբողջ աշխարհը վերածելով պայթյունավտանգ ռազմաբազայի: Ու չեն էլ փորձում երևակայել, որ եթե մի օր աստղագետների նկատած տիեզերական մարմինն ուղիղ դեպի մեր մոլորակն ընթանա, այդ մարմինը իրեն ու իր հակառակորդին մեկ հարվածով է ոչնչացնելու՝ իրենց կառուցած զինապահեստների պարունակությամբ առավել սաստկացնելով հարվածի ուժը: