ՉԵ՞Ն ԼՍԵԼ, ԹԵ՞ ՉԼՍԵԼՈՒ ԵՆ ՏՎԵԼ

Հուսանք՝ կպարզեն

 Արդեն մի քանի օր է՝  հանրությունը քննարկում է Դավիթաշենում  29 բարդի և թեղի ծառերի հատումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  տեղի ունեցածը բարբարոսություն որակեցին, ապա հայտարարեցին, որ պետք է ծառահատողը  օրենքով նախատեսված խիստ պատժի արժանանա:

Հիշեցնենք` Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և  խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 «Բարդի» տեսակի ծառեր:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 «Բարդի» և «Թեղի» տեսակի ծառեր:

Եթե  տարիներ առաջ տեղի ունեցած լիներ նման դեպք, գուցե հանրությունն այսքան մեծ աղմուկ չբարձրացներ: Բայց, բարեբախտաբար, վերջին տարիներին բնապահպանական խնդիրները կարծես կայծ լինեն, որոնցից հանրային ընդվզման հրդեհ է բռնկվում, փոթորկում հասարակական-քաղաքական դաշտը: Հայաստանը ևս շրջանցել չէր կարող բնապահպանական խնդիրները: Հատկապես, երբ ի ցավ սրտի՝ պատկան մարմինների թողտվությամբ ընդերքը սեփականաշնորհվել ու անխնա շահագործվում է:

Ինչևէ, 29 ծառի կտրվելը անգամ  երկրի Նախագահի ուշադրությանն արժանացավ: Վերջինս հայտարարեց, որ օրենքի ամբողջ խստությամբ պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Հարց է ծագում՝  նման արարք կատարողը թիկունքում ո՞ւմ է ունեցել, որի հովանավորությամբ էլ խոշտանգել է շրջակա միջավայրը:

Հակառակ պարագայում այդ չարագործը պիտի որ հոգեկան խնդիրներ ունենար: Իսկ համենայնդեպս  ոստիկանության տեսանյութից դա չի երևում: Նշանակում է՝ բնասպանն ինչ-ինչ օղակների կամ պաշտոնյայի «դաբրոն» է ունեցել: 

Հետաքրքրիր մի փաստ էլ կա, որը չի կարելի անտեսել:

«Դելֆին» լողավազանից քիչ այն կողմ ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքն է: Ավելին, դատելով հրապարակված լուսանկարներից՝ այդ տարածքը բանուկ հատված է. անգամ շենք-շինություններ կան:

Արդ, եթե Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքն է, մի՞թե  հայրենի իրավապահները կարող էին չլսել  բենզասղոցի ականջ ծակող աղմուկը: Ի վերջո,29  ծառ  հատելը մի քանի րոպեի աշխատանք չէ: Առնվազն մի քանի ժամ է անհրաժեշտ՝ այդ ամենը գլուխ բերելու համար:  Շարքային երևանաբնակը կարող էր և անտարբեր մնալ այդ աղմուկի հանդեպ. չէ՞ որ  մեքենաների ազդանշանները, նույնիսկ գիշերային ժամերին անհարկի  հրավառությունները սովորական են դարձել նրանց համար: Բայց ոստիկանության լսողությունից դա պետք է որ չվրիպեր: Հասրակական կարգի պահապանները գուցե կարծել են, թե բենզասղոցով սովորական գարնանային աշխատանքնե՞ր են կատարում: Բայց  եթե անգամ այդպես է, ապա մի՞թե մարդկային հետաքրքրությունը չի դրդել իրավապահներին՝ ճշտել-ճշգրտելու,թե ինչ է կատարվում: Միգուցե, Աստված մի արասցե, ոչ թե ծառ էին կտրում, այլ մարդ էին կտոր-կտոր անում:

-Բոլոր հարցերը կպարզվեն  քննության ընթացքում,-  հայտարարել է ոստիկանությունը:

Հուսանք: Հակառակ դեպքում  հազար ու մի բան կարող ենք ենթադրել, օրինակ, որ լռության դիմաց գուցե կլորիկ փոխհատուցում են ստացել՝ այս բարբարոսության վրա աչք փակելու համար: