ԲԱԿԻՍ ԱՂԲԸ ԱՊԱՐԱՆՔԻՍ ՎՆԱՍ ՉԷ

«Աղբանոցների երկիր Հայաստանս»...

Ե՛Վ ցավալի է, և՛ ամոթ՝ մեր փոքրիկ երկրում 430 հեկտար տարածք  «նվիրաբերված» է աղբանոցներին: Զվարճասեր մի բանաստեղծ գտնվեր՝ կերգեր՝ «Աղբանոցների երկիր Հայաստանս»...

Հնուց է ասված՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Եվ այսօր փաստում ենք նորից ու կրկին՝ անխնամ, փնթի կեցությունը կենսակերպ դարձրածի գիտակցությունն էլ նույնն է. Աղբի կողքին ապրելու սովոր մարդը չի էլ մտածում, որ մաքուր միջավայրում շատ ավելի հարմարավետ է կյանքը: Այդպիսիք կարող են շքեղ ապարանքներ ունենալ և բազմամիլիոնանոց իրենց ավտոմեքենաների մթնեցրած ապակիներից չտեսնել սեփական բակ ու տուն տանող աղբակոլոլ  ճանապարհը: Նմանները հենց այդպիսի փնթի կենցաղավարությամբ  էլ ապրում են, հարստանում, նույնիսկ՝ պաշտոնավարում: Վկան՝ մերօրյա Հայաստանը, ուր ստեղծված հակասանիտարական վիճակը անհանգստացրել է երկրիս վարչապետին: 
 
Արդյո՞ք պատկան մարմինների ղեկավարների միայն վատ աշխատանքի մասին է խոսում ստեղծված իրավիճակը. իսկ մաքրակենցաղ կեցություն կոչվա՞ծը, ինչը պիտի որ գիտակցության չափանիշ դառնար: Չի՛ դարձել, այլապես վարչապետ Կարեն Կարապետյանն այօր ստիպված չէր լինի բարձրաձայնել՝
 
- Վիճակն ուղղակի ողբերգական է, և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ  մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում:
 
ՀՀ գործադիրի ղեկավարը չի շրջանցել նաև «Մաքուր Հայաստան» ծրագրին առնչվող խախտումների տուգանքների, կանխարգելման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ հավանաբար հստակ պատկերացնելով, որ «աղբի վրա» էլ «ձեռք տաքացնողներ» կգտնվեն: