ԵԹԵ ԱՆԶՈՐ՝ ԱՊԱ ԻՆՉՈ՞Ի ՀԵՆՑ ԴՈՒ

Ձեր գրպանին որ խփեին, դարձյա՞լ ելք չէր լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանի համար օրն  իրոք ծանր էր: Կառավարության նիստը սկսվեց  Արարատի մարզի Քաղցրաշեն  համայնքի բնակիչների բողոքով: Վերջիններս «Վինար» ընկերությունից  պահանջում են  մթերված խաղողի գումարները:  Իսկ Ընկերությունը, գյուղացիների  խոսքով՝ խաղողն ընդունել է  կառավարության  պահանջով: Այսինքն՝  կառավարության խոսքին հավատալով, նրանք խաղողը հանձնել են «Վինար»-ին,  որն էլ մթերել է բերքը, սակայն  արդեն մեկ տարուց ավելի է՝ չի վճարում ապրանքի դիմաց: 

Թումանյանի դերձակ կատվի նման այսօր-վաղն անելով՝   Ընկերությունը հայտարարում է, թե սնանկ է, ապա որպես մխիթարանք առաջարկում է սպիրտով փոխհատուցել: Հետագայում էլ պարզվել է, որ սպիրտն էլ  անորակ է: 
Հասկանալով, որ բողոքները չեն դադարելու,  գյուղնախարարը նշանակվելուց հետո դիմել էր դատախազություն՝ պահանջելով ուսումնասիրել տեղի ունեցածը: Թվում էր, թե սա կսթափեցնի Ընկերության ղեկավարին, որը, քաղցրաշենցիների խոսքով, թանկարժեք մեքենաների, Երևանում մի քանի բնակարանների տեր է: Բայց ապարդյուն: Ժողովրդական խոսքն ասում է՝  «հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:  Դատախազությունը դեռ ոչ մի պատասխան չի տվել, սնանկացած Ընկերությունն էլ  մարդկանց գումարները չի վճարել: 
Խնդիրն ուշագրավ է  այն տեսանկյունից, որ մի  շարք անպատասխան հարցեր կան: 
 
Նախ   ընկերությունն ինչպես  և ում է իրացրել խաղողը:  Երկրորդ՝ արդյո՞ք   «Վինար»-ը ղեկավարությունը միտումնավոր չի «սնանկացել»՝ փորձելով վճարումների բեռը կառավարության  վրա դնել: Ի վերջո,  վերջին 25 տարիներին քիչ չեն դեպքերը, երբ պետությանը հասցվում է ահռելի վնաս, որը մասամբ  փոխհատուցում է բյուջեն: Հիշենք  «Հրազդան ցեմենտ» գործարանին տրվող արտոնությունները, որոնցով գործարանն ազատվեց 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:
 
Երրորդ՝  նախարարությունը «Վինար» ընկերությանը  դատի էր տվել նախորդ տարվա դեկտեմբերին: Անցել է չորս ամիս, սակայն սայլը տեղից չի շարժվել: Եթե հիմք ընդունենք գյուղացիների հայտարարությունը, ապա  մթերող ընկերության ղեկավարն այս ընթացքում  անհետացել է: 
 
Հասկանալով, որ  վերոնշյալ հարցերի պատասխանն ինքը չունի կամ չի կարող բարձրաձայնել՝նախարարն ա յսօր ասել է, որ մթերող ընկերությունը լիցենզավորված չի եղել, հետևաբար նա  մթերման գործունեություն չէր կարող ծավալել: Ասել է թե՝ ողջ գործընթացն անօրինական է:  ԵՎ՝ պարզվում է, որ կառավարության անդամը ելք չի տեսնում, բացի դատախազություն դիմելուց: 
 
-Ես էլ ձեր միջից եմ դուրս եկել, ասենք՝ ո՞րն է ելքը: Ով ստիպել է, թող նա էլ տեր կանգնի- ասաց նախարարը: 
 
Սա անզորության ու նախորդների թողած բեռից ազատվելու փորձ է: Իհարկե, լավ է, որ  նախարարը խոստովանում է իր անզորությունը: Սակայն նույնքան անզոր են իրեն դիմող «քցված» հողագործները: ՈՒրեմն ինչպե՞ս է անզորների միջից հենց ինքը  դարձել  գյուղատնտեսության նախարար: 
 
Այն, որ նախարարությունը պարտավոր չէ գյուղացիներին խաբած ընկերության փոխարեն վճարումներ անել, դա  տրամաբանական է: Բայց չէ ՞ որ նախորդ կառավարությունն ու նախարարն են  գյուղացիների ու ընկերության միջև միջնորդ, երաշխավոր եղել:
 
Ու  հիմա, երբ եկել է քաղաքացու ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու ժամանակը,  գործադիր մարմնի անդամն ասում է՝ չեմ կարող: Բայց արի ու տես, որ հայրենի չինովնիկները կարողանում են քաղաքացիներին հիշեցնել և կատարել տալ հարկային պարտավորությունները:  Հետաքրքիր է՝ եթե  քարից հաց քամող գյուղացիների փոխարեն լինեին, դարձյա՞լ պիտի ասեին՝  դռները փակ են, հույս չկա…