Որակյալ կրթությունը՝ որպես աղքատությունը հաղթահարելու գործիք

Հայաստանում կրթական համակարգի խնդիրները բազմազան են, սակայն ամենամտահոգիչը կրթության որակի բարելավումն է, որից կախված է հասարակության բարեկեցությունը երկարաժամկետ կտրվածքով։ Վատ կրթությունը հանգեցնում է աղքատության, իսկ աղքատությունը՝ վատ կրթության։ Այս արատավոր շղթայից դուրս գալու համար օր առաջ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։
 
Ինչպես նշվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»  կազմակերպության «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության մեջ, 2010 ‐2015թթ. պետական պաշտոնական վիճակագրության տվյալներով, առկա է ուղղակի կապ բնակչության կրթության մակարդակի և աղքատության միջև:
 
Ինչքան բարձր է մարդու ստացած կրթության որակը, այնքան հետագայում նա կարող է ավելի լավ աշխատանք ու սոցիալական ապահովվածություն ունենալ, նպաստել իր երկրի զարգացմանը։ Այնինչ կրթության ձախողումը՝ երկարաժամկետ հեռանկարում, առաջ է բերում սոցիալական և ֆինանսական շատ ավելի բարձր ծախսեր՝ պետության համար։ 
 
Պայմանավորված ծանր սոցիալական պայմաններով՝ անապահով ընտանիքները ավելի քիչ ռեսուրսներ են ներդնում երեխաների կրթության մեջ, ինչը արտացոլվում է նաև վիճակագրության մեջ։
 
Այսպես, ըստ հետազոտության տվյալների, հանրակրթական դպրոցներում դրական գնահատականներ՝ 9-10 բալ, ավելի հաճախ ստանում են ապահովված ընտանիքների երեխաները (42,8 տոկոս), քան անապահով ընտանիքների երեխաները (34.3 տոկոս)։ Ընդ որում, ըստ նույն տվյալների, ապահովված ընտանիքների երեխաներն ընդհանրապես չեն ստանում ցածր՝ 0-5 բալ, գնահատականներ, այնինչ 8,7 տոկոս դեպքերում նման գնահատականների արժանանում են անապահով ընտանիքների երեխաները։
 
Ըստ այդմ, հետազոտության հեղինակներն առաջարկում են, որ պետական քաղաքականությունը՝ հանրակրթության ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնի և մեխանիզմներ ստեղծի անապահով ընտանիքների երեխաների լիարժեք ներառումը որակյալ հանրակրթության մեջ ապահովելու համար: 
 
Երեխաների կրթության որակը պայմանավորված է նաև այլ գործոններով, օրինակ՝ ծնողների կրթվածության մակարդակով, ընտանիքի բնակության վայրի աշխարհագրական տեղակայմամբ, կրթական հաստատությունների ֆիզիկական միջավայրով և այլն։
 
Ըստ հետազոտության արդյունքների, 675 դպրոց (Հայաստանում գործող դպրոցների 48,6 տոկոսը) ունի նորոգման կարիք։ Այդ դպրոցներից 111-ը գտնվում են Երևանում, որոնցից 86-ը, իրենց հերթին, ունեն ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման կարիք։ Մարզերում նորոգման կարիք ունեցող դպրոցների թիվը 564 է, որոնցից հիմնանորոգումն անհրաժեշտ է 377-ում։ Ընդ որում, չնայած հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրներ առկա են թե քաղաքային, և թե մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն առավել խոցելի են այս առումով հենց գյուղական դպրոցները։
 
Ուստի, ըստ հետազոտության հեղինակների, անհրաժեշտ է առաջնահերթություն տալ գյուղական դպրոցների վերանորոգմանն ու կահավորմանը, ինչպես նաև ժամանակակից ու բավարար քանակով տեխնիկայի ապահովմանը:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»