ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՕԳՏԱՎԵՏ Է

Տղամարդիկ ևս կպաշտպանվեն

Արդեն տասը տարի է, որ  եվրոպական զարգացած երկրները պայքարում են այս  վիրուսի կանխարգելման դեմ: Մասնագետները հայտնաբերել են նոր պատվաստանյութ, որը  բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը պապիլոմա վիրուսի դեմ և հնարավորություն է տալիս  98 տոկոսով  կանխարգելել  պապիլոմա վիրուսով պայմանավորված քաղցկեղի առաջացումը:
Պարզվում է՝ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը պապիլոմա վիրուսային վարակն է: Պապիլոման  բարորակ ուռուցք է, որն առաջանում է մաշկի մակերեսին  ու լորձաթաղանթի վրա: Դրանք հիմնականում ունենում են կլորավուն ձև, լինում են մարմնագույն կամ բաց շագանակագույն երանգով:
 
 
Հայաստանում, ըստ մասնագետների, ևս տարածված է արգանդի վզիկի  քաղցկեղը, որը մեր երկրում ամեն տարի ավելի քան 150 կնոջ մահվան պատճառ է դառնում: Տարեկան 300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Այն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո: Դրա դեմն առնելու նպատակով պետական մարմինները, հանձին Առողջապահության նախարարության, հավանաբար, այս տարվա սեպտեմբերից պետպատվերով կիրականացնեն  պատվաստում  պապիլոմա վիրուսի դեմ: 
 
ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝  եվրոպական 28 երկրում իրականացված փորձը ցույց է տալիս, որ պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը բարձր է, երբ դեղամիջոցն օգտագործվում է   9-13  տարեկան  աղջիկների շրջանում:
 
Ւնչո՞ւ այդ տարիքում: Ըստ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ 9-13 տարեկան աղջիկների օրգանիզում հորմոնային փոփոխություններ սկսված չեն լինում:  Առողջապահության նախարարության խնդիրն է   կանխել վիրուսի տարածումը, ինչի արդյունքում  տղամարդիկ ևս զերծ կմնան այդ վիրուսով վարակվելուց, ու նաև նվազագույնի կհասցվի դրա տարածման հնարավորությունը: 
 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ վիրուսը  հանդիպում է ակտիվ  սեռական կյանքով ապրողների շրջանում: Հարց է ծագում՝ կարո՞ղ են վարակակիրները  ևս պատվաստվել: Պարզվում է՝ կարող են, բայց  պատվաստանյութի կիրառումը ոչ թե կկանխարգելի հիվանդությունը, այլ կկասեցնի դրա հետագա զարգացումն ու խորացումը: Մասնավորապես, եթե վիրուսը հանգեցրել է նախաքաղցկեղային վիճակի, ապա հիվանդությունը չի զարգանա պատվաստանյութի օգտագործման շնորհիվ: 
 
- Հայաստանը կարո՞ղ է պետբյուջեի միջոցներով իրականացնել ծրագիրը: 
 
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի  խոսքով՝  մեր երկրի բյուջեի միջոցներով  առայժմ չենք կարող նման ծրագիր իրականացնել, քանի որ  մեկ բաժին պատվաստանյութն արժե 100 դոլար:  Երկու տարի ծրագիը կիրականացվի պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի աջակցությամբ:  Դրանից  հետո պետք է  մեր միջոցներից գումարներ նախատեսել ծրագիրը շարունակելու համար: