ՓՄՁ-ՆԵՐՆ, ԱԽՐ, ԽՈՐԹ ԶԱՎԱԿ ՉԵՆ

Համբերության բաժակն էլ երբեմն ճաքում է

Կառավարության շենքի դիմաց  երեկ բողոքի ցույց էին անում տոնավաճառների աշխատակիցները՝ գործադիրից պահանջելով իրենց ազատել բնութագրմամբ «հարկային ստոգումների տեռորներից»:  Ցույցի մասնակիցներին զայրացնում է, որ հարկային տեսուչներն իրենցից  ներմուծման փաստաթղթեր են պահանջում,  ինչպես նաև՝ գնորդներին  ՀԴՄ կտրոններ տրամադրել: Բողոքի ալիքն այնքան մեծ էր, որ  բողոքավորներին  լսելու իջավ վարչապետի օգնականը: Նա հայտարարեց, որ կառավարությունը խոստացել է՝ ՊԵԿ-ի տոնավաճառային հսկողության պատճառով առևտրականները չեն տուգանվի: Պարզապես կլինի գործունեության վերահսկում:

 

 Առաջին անգամ չէ,  որ ՓՄՁ ներկայացուցիչները հարկային մարմինների գործունեության դեմ դժգոհում են բողոքի ակցիաներով: Հիշենք 2015-ին շրջանառության հարկի դեմ բողոքի ակցիաները, երբ պահանջում էին իրենցից փաստաթղթեր չպահանջել:

Փաստորեն փաստաթղթեր պահանջելու խնդիրը նորից արդիական է: 
 
-Մեզանից ներմուծման թուղթ են ուզում, բոլոր աշխատողներին, ասում են, գրանցեք, նախազգուշացնում են տուգանելու մասին: Ամսական 30-40 հազար հարկ ենք վճարում՝ ավելին են ուզում։ Թող թողեն՝ մանրերը շնչեն, թող խոշորներից էլ ներմուծման թուղթ ուզեն. ինչի՞ չեն ուզում, բարեկամ, ծանոթ, խնամի են՝ այդ պատճառով,- դժգոհում էին  տնտեսվարողները: 
 
Համաձայնենք, որ հարկային վարչարարությունը միշտ չէ, որ նպաստում է օրինականության հաստատմանը և կիրառվող ոչ  բոլոր քայլերն են թափանցիկ ու շիտակ ճանապարհ հարթում նպատակների համար: Չհամաձայնել չենք կարող նաև այն ընդվզման հետ, որ հարկային պահանջատիրության թիրախում միշտ փոքր և միջին ձեռնարկություններն են: 
 
Ի պատասխան այս ցույցի՝ ՊԵԿ-ը, թերևս, առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, թե բողոքն ուղղորդված է: Իհարկե, չի մասնավորեցրել,  թե ում կողմից է այն ուղղորդված, ինչը հուշում է, որ ՊԵԿ-ին զայրացնում է հարկատուների ընդվզումը:  Ի՞նչ նկատի ունեն՝ բողոքն ուղղորդված որակելով: Արդյո՞ք ոչ այն, որ միգուցե իրենց կողմից ոչ ճիշտ մոտեցումներ են դրսևորվել և դրանք կուտակվելով՝ ճաքեցրել են համբերության բաժակը: Սա՝ հումորով, իսկ եթե լուրջ, ապա ուղղորդում, իհարկե՛, կա: Բայց ոչ թե կամ ոչ միայն անձերի, այլ՝ օրենքի տեսքով: Օրենք, որը տարիներ շարունակ խախտվել է, մնացել թղթի վրա, իսկ այսօր կառավարությունը փորձում է կյանքի կոչել: 
 
Եվ մի՞թե ստվերի դեմ պայքարող  կառավարության համար պարզ չէ, որ պայքարը պետք է այնպես լինի, որ   ստվերի հարվածի տակ չհայտնվեն միայն ՓՄՁ ներկայացուցիչները: Առանց այդ էլ հարկային համակարգը դեռ այնպիսի «սարդոստայններ» ունի, որոնց ցանցում վերջնականապեց չխճճվելու, դրանցից գլուխ հանելու համար ՓՄՁ-ի ներկայացուցիչը լրացուցիչ մասնագետներ է պահում ու դրա հետ մեկտեղ փորձում  օրվա հացի խնդիր լուծել: 
 
Այն, որ ստվեր կա տոնավաճառների ոլորտում՝ չենք հերքի: Բայց ստվերի դեմ պայքարը պետք  է սկսել ոչ  թե իրենց օրվա հացը մի կերպ վաստակող, իրենց վերադասի հանդեպ պարտավորությունները կատարողներից, այլ  խոշոր «գլուխներից», ինչպես նաև մաքսակետերից: 
 
ՀԳ. Թե որքանով  կառավարությունը կկատարի իր խոստումն ու կշրջանցի  ՓՄՁ ներկայացուցիչներին՝ ժամանակը  ցույց կտա: Բայց  ողջունելի է, որ  վարչապետը ձեռնամուխ է եղել խաղի հավասար կանոններ սահմանել, ստվերի դեմ իրական ու իրատեսական պայքարել՝ երկրի տնտեսական խորը ճգնաժամը գոնե մեղմելու համար: