ԱԶԳՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԾԱՑՈՒՄԸ

Լեզուն ինքնության նախապայմանն է

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջերս մի առիթով անկեղծացել էր, որ տասնամյակներ շարունակ ապրելով Ռուսաստանում՝ դեռևս լավ չի տիրապետում ռուսերենին: Եվ դա օրինաչափ է: Լեզուն մտածողություն է, ազգային ինքնության դրսևորում, ազգապահպանության նախապայման: Սակայն հայերի միության նախագահը, կարծես չի կարևորում այս իրողությունը, այլապես թույլ չէր տա, որ իր ղեկավարած կառույցը ներկայացնող հայերը հայերի հետ օտար լեզվով խոսեն: Այլապես ձևական ու ինքնանպատակ է դառնում հայերին ու Հայաստանին նվիրված ցանկացած միջոցառում:

Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը հայաստանյան լրատվամիջոցներին մի ծանուցում-հաղորդագրություն է հղել՝ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք հանրահավաքի մասին: Հասկանալի է՝ հանրահավաքը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

 
Լավ ավանդույթ է, ինչը նահատակաց հիշատակի խնկարկումից զատ ենթադրում է նաև ու նախևառաջ՝ հայ ինքնության գիտակցում և պահպանում: Սակայն հատկապես այսօր՝ ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍԻՆ ծանոթանալով այդ ծանուցմանը, ակամա ցավ ես ապրում, սպիտակ ինքնացեղասպանումի փաստ  արձանագրում: Մենք ու ամբողջ աշխարն այսօր դատապարտում է հայերին ոչնչացնելու օսմանյան ծրագիրը՝ մորթոտելու եղանակով: Բայց լավ գիտենք, որ ֆիզիկապես սպանելով՝ ոգին չի՛ սպանվում: Իսկ ազգի ոգին ամենից առաջ նրա լեզուն է՝ ոսկեղենիկ մեր մայրենին, որն օտար ափերում էլ հային հայ է պահում: Մինչդեռ Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը Հայաստանին ու հայերին վերաբերող  տեղեկատվությունը Հայաստան է ուղարկում օտար լեզվով: Ոչ միայն ուծացումի փաստ է սա, այլ՝ ուծանալու ձգտում: Ավելին, կարծես կոչ են անում, թե հայերենն այլևս մեր մայրենին չէ, և դուք էլ՝ հայաստանաբնակներ, պարտավոր եք օտար լեզվով ծանոթանալ մեր ասելիքին:
 
Խնդիրն այն չէ, որ չենք տիրապետում այդ լեզվին, բայց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից են խոսում՝ ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՎ մեր լեզուն: