«Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտները ոչ թե լոկ վրեժխնդրության հարց էին լուծում…»
Եռաբլուրի ASALA-ի նահատակների գերեզմանատանը ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփման արարողության ժամանակ նրա խիզախումին ու պատգամին անդրադառնալով՝ Հայկական ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդի ներկայացուցիչ Մովսես Քեշիշյանը մասնավորապես նշեց.
- Իր հերոսական կյանքից ու նույնքան հերոսական մահից 35 տարի հետո, այս պատմական օրը, հողին ենք հանձնում հերոսներ ծնած հայ ժողովրդի, իր տեսակում եզակի՝ Գուրգեն Յանիկյան հերոսի աճյունը, ով իր խիզախ քայլով համայն հայությանը, և առաջին հերթին սփյուռքահայությանը, պատգամեց ոտնահարված և անտեսված իրավունքները նվաճելու արժանապատիվ և գործնական ուղի:
Յանիկյանի քայլը ուղղված էր նաև միջազգային հանրությանը. առաջին հերթին այն պետություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչված են եղել հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ՝ պատգամելով, որ հայությունը այսուհետ չի լռելու իր նկատմամբ կատարված բարբարոսական անարդարության դեմ:
Հերոս Գուրգեն Յանիկյանի սթափեցնող և խիզախ քայլից հետո հայկական հարցը դադարեց լոկ երազանք և ցնորք լինելուց` վերածվելով քաղաքական կարևորագույն հարցի, որի հետ արդեն հաշվի էին նստում տարբեր երկրների խորհրդարանները և գործադիր իշխանությունները:
Կարճ ժամանակամիջոցում, ընդհամենը երկու տարի հետո, Յանիկյանի սկսած «նոր տեսակի պատերազմը» վերածվեց կազմակերպված ազատագրական պայքարի: Տարբեր երկրներում, իրար անծանոթ ու երբևէ իրենց հայրենիքը չտեսած երիտասարդներ հետևողական, նվիրական ու շրջահայաց պայքարի մեջ մտան՝ ի սեր Հայաստանի: Այդ պայքարի շնորհիվ հայ-թուրքական հակամարտությունը վերածվեց այնպիսի քաղաքական հարցի, որի հետ այլևս հնարավոր չէր հաշվի չնստել, որն այլևս հնարավոր չէր անտեսել և անտարբերության մատնել:
Այս աննախընթաց քաղաքական նվաճումը, բնականաբար, հեշտ չստացվեց․ այդ ճանապարհին նահատակվեցին տասնյակ երիտասարդներ, իսկ հարյուրավորներ՝ թողնելով իրենց ընտանեկան հանգիստը, ուսումը, կերտելիք երջանիկ ապագան, ընտանիքների նկատմամբ հանձնառությունները, զինվորագրվեցին նվիրական պայքարին. ոմանք հաշմանդամ դարձան, ոմանք տարիներով տառապեցին կամ կորցրեցին իրենց կյանքը տարբեր երկրների բանտերում:
Հետևաբար, այս պատմական պահին, երբ վերջապես հողին ենք հանձնում հերոս Յանիկյանի աճյունը, մենք հատկապես երախտապարտ ենք մինչ օրս չբացահայտված հարյուրավոր պայքարողներին՝ իրենց զոհողությունների և տառապանքների համար: Մենք խոնարհվում ենք այդ նվիրյալների ընտանիքների խիզախության առջև և համբուրում ենք նրանց բալիկների ճակատը, որոնք կամա-ակամա տառապում են հայ ժողովրդի արդար իրավունքների համար մղվող ազգային ազատագրական պայքարի ճանապարհին:
Նշվածից միանգամայն պարզ է, որ հերոս Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտները ոչ թե լոկ վրեժխնդրության հարց էին լուծում, այլ ճշտում էին Հայկական հարցը հետապնդելու քաղաքական ուղին:
Եվ նույն այդ ուղին էր, որի շնորհիվ՝
ա․ հայության մեջ արմատավորվեց ազգային ինքնագիտակցությունը, նույնիսկ նրանց մոտ, ովքեր ծանոթ չէին հայոց լեզվին ու գրին,
բ․ պարտվողական հոգեբանությունը հայության մոտ իր տեղը զիջեց սեփական իրավունքների համար պայքարող ժողովրդի գիտակցությանը,
գ․ սփյուռքահայության մեջ արմատավորեց իսկական միասնության ոգին, մեկ նպատակի շուրջ միավորվելու հնարավորությունն ու կարևորությունը` ապացուցելով Սփյուռքում ընթացող միջկուսակցական պայքարների անիմաստ, անտեղի և վնասաբեր լինելը,
դ․ ստեղծեց Հայաստան-Սփյուռք համերաշխության և միասնության համար նպաստավոր ենթահող․ այդ թվականներից հետո, շնորհիվ Հայ ազատագրական պայքարի քաղաքական ճիշտ գծի, Խորհրդային Հայաստանում ծաղկեց և տասնապատկվեց Հայկական հարցին և իրավունքներին նվիրված գրականությունը՝ մեծապես բարձրացնելով Երևանի կշիռը կենտրոնական Մոսկվայի մոտ,
ե․ նույն պայքաի շնորհիվ Հայկական հարցը գրավեց իր ինքնուրույն քաղաքական տեղը, դադարեց այս կամ այն պետության համար օբյեկտ լինելուց և վերածվեց ինքնուրույն գործոնի:
Այս բոլոր ապացույցները գալիս էին փաստելու, որ Յանիկյանի գործը և այնուհետ կազմակերպված Ազգային ազատագրական պայքարը զուտ ռազմական դրսևորում չէին, այլ քաղաքական ճիշտ ուղիով ընթացող պայքար:
Հայաստանի անկախացմամբ, Արցախի ազատագրմամբ և Հայաստանում արդար ընտրությունների արդյունքում ձևավորված պետականությամբ, բնականաբար, շատ բան է փոխվել, այս ամենից անբաժին մնալ չէր կարող և չմնաց նաև Սփյուռքը, որը պետք է առանց մրցակցության և արհեստական նախապայմանների զորակցի Հայոց պետականությանը:
Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը այսօր ավելի քան երբևէ պետք է գործեն միասնական, շրջահայաց, մշակված յուրովի ծրագրերով, առանց ամպագոռգոռ հայտարարությունների։
Յանիկյանով սկսված Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարը նոր հանգրվան է թևակոխել, որի հաջողության համար անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության հզորացումը և Սփյուռքի արդիականացումն ու վերակազմակերպումը: