Իսկ ինչո՞ւ Գեորգիևյան ժապավեններով

Հայաստանում Գեորգիևյան ժապավեններից հրաժարվելու և այդ խորհրդանիշն այլով փոխարինելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, սակայն այդ առնչությամբ կոնկրետ առաջարկներ կարծես չեն հնչել:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն այսօր հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ՝ կոչ անելով մերժել դրանք:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում Նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որպես իր համար Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր նշող Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին ձևավորել է գաղութատիրական նկրտումներ ունեցող մի ավանդույթ, որի շրջանակներում օտարերկրյա պետությունների տարածքներում կազմակերպում է Ռուսական կայսրապետականության խորհրդանիշ համարվող Գեորգիևյան ժապավենների կիրառմամբ միջոցառումներ, որոնցից հատկապես աչքի է ընկնում այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթը:
 
Ցավոք սրտի, այս ամոթալի երևույթը նույնիսկ պետական մակարդակով ընդունվում և կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Արդեն ականատես ենք լինում, որ ՀՀ կառավարության անդամներից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակավ հանդես է գալիս Գեորգիևյան ժապավենը կրծքին փակցրած խրոխտ կեցվածքով:
Բացի այդ՝ մամուլում հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և որ դրա ժամանակ նախատեսվում է կրել նաև 1988-1994 թթ. ազատագրական պատերազմի և 2016 թ. Քառօրյա պատերազմի հերոսների՝ Գեորգիևյան ժապավեններով երիզված դիմանկարներ:
 
Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ իրավապահների հետ միասին Մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում իրավակարգի ապահովման նպատակով գործառելու են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, մինչդեռ ՀՀ տարածքում դրանց առկայությունը, գործառույթներն ու իրավասությունը սահմանված չէ ՀՀ և ՌԴ միջև կնքված որևէ պայմանագրով, ուստի դրանց գործառումն ապօրինի է:
 
Շատ ամոթալի և ցավալի է, որ Մայիսի 9-ի՝ մեզ համար Հայրենիքի վերատիրացման մեկնարկի սրբազան նշանակություն ունեցող Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և, որպես մասնակի մի երևույթ, զետեղվում է ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների և միջոցառումների համատեքստում:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների թողտվությամբ և մասնակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս դրսևորումները և մեր ժողովրդին կոչ ենք անում մերժել դրանք: