«ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բոյկոտել՝այլընտրանք առաջարկելով
- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը,-հայտարարել էր պետական կառույցը:
Հարց է առաջանում՝ եթե անհանգստանալու հիմք չկա, ապա ինչու պետք է թուրք արտադրողը նման վստահ հայտարարություն աներ: Մի՞թե չէր գիտակցում, որ սրանով հարվածի տակ է դնում իր բիզնեսը: Իհարկե, այլ վարկած էլ կարող ենք առաջ քաշել: Այն, որ եվրոպական երկրների համեմատ Հայաստանում վերահսկողական գործառույթները, չափանիշներ այդքան էլ խիստ չեն, հետևաբար կարելի է ցանկացած խոտան առաքել հարևան երկիր:
Երկրորդ՝ պատկան կառույցը, ըստ խնդրին քաջատեղյակների, կարծես հերքում է ինքն իրեն:
- Ծառայությունը մի կողմից խոսում է, որ Հայաստանի տարածք, իրենց տվյալներով, չի ներմուծվել թուրքական լոլիկ, մյուս կողմից խոսում է իրացման ցանցում առկա լոլիկի մոնիթորինգի մասին` առանց հայտարարության` արդյո՞ք փորձել է սպառվել թուրքական լոլիկը, թե` ոչ: Եթե փորձել է պարզել, որ թուրքական է լոլիկը, ապա ինչո՞ւ պետական որևէ կառույցի չեն տեղեկացրել այդ մասին: Այսինքն` նրանք շատ լավ տեղյակ են, որ վաճառվում է թուրքական լոլիկ, բայց խոսում են, որ տեղյակ չեն: Եթե տեղյակ չեն, ապա ինչո՞ւ են ուսումնասիրություն իրականացնում: Ինչ ասել է` երաշխավորված է, այն էլ այն դեպքում, երբ իրենք մյուս կողմից ասում են, որ չգիտենք` ներմուծվել է, թե` ոչ,- հակադարձել էր սպառողների խնդիրներով զբաղվող Բաբկեն Պիպոյանը:
Թուրքական լոլիկը բավական չէր, այսօր էլ լուսանկար հրապարակվեց Հայաստան մուտք գործած ադրբեջանական խնձորների մասին: Պատկան կառույցը հայտարարեց, որ ուսումնասիրում են արտադրանքը:
Որակյալ սննդամթերքի մասին վարչապետ Կարեն Կարապետյանն էր խոսել: Բարձիթողի վիճակը որակելով«շանտղություն»՝ գործադիր մարմնի ղեկավարը պատկան կառույցին հորդորել էր ստուգել հանրությանը մատուցվող սննդի որակը:
Դրանից առաջ էլ Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ բոլոր այն ապրանքները, որոնք չեն բավարարելու որակական հատկանիշներին, եթե մուտքը վերացնում կամ սահմանափակում է տեղական արտադրությունը, դուրս հանել շուկայից: Այդ ապրանքները հայկական շուկայից հանել հնարավոր չէ, քանի որ, ըստ Մինասյանի, կմտնեն ԵՏՄ-ի տարածք եւ այնտեղից առանց որեւէ հավելյալ մաքսավճարի, կտեղափոխվեն Հայաստան: Անցել է արդեն մի քանի ամիս, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը դեռ լռում է:
Ի վերջո ի՞նչ լուծում է առաջարկվում՝ բացի տարատեսակ չափորոշիչներ մշակելուց: Կարծում ենք՝ հարկավոր է այլընտրանք(ներ) առաջարկել՝ խթանելով տեղական արտադրանքը: Բայց քանի որ տեսականորեն հնարավոր չէ ամեն ինչ արտադրել, ինքնաբավ լինել, գոնե սպառողների գիտակցությունն այնքան բարձրացնել, որ թուրքական ապրանքի փոխարեն այլ երկրի արտադրանք սպառի: Գոնե՝ սննդամթերքի պարագայում, քանզի մեր ոխերիմ հարևանն ինքն է խոստովանել, որ գյուղմթերքը հատուկ թունավորում են ոչ բարեկամ երկրների համար: