Երիտասարդական ներուժը՝ ի սպաս երկրի շենացման

Տեղեկատվական տեխնոլոգիաների արմատավորումն ու դրանց հանդեպ հետաքրքրությունն Արցախում օր օրի զարգացման նոր հնարավորություններ է ստանում, որի գլխավոր նախապայմանը  բազմակողմանի զարգացած  և խելացի մասնագետներն են: Զրուցակիցս սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ Դավիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է:
 
Դավիթն այժմ աշխատում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: Նա չի սիրում դավաճանել սեփական սկզբունքները, սիրում է, երբ մարդու մեջ էներգիա է լինում՝ նորը ստեղծելու, եղածը պահպանելու և կատարելագործելու համար:
 
- Դավիթ, այսօր աշխատանքի ընդունվելու երիտասարդների մեծագույն խնդիրներից է փորձի բացակայությունը: Այս հարցի առնչությամբ ի՞նչ լուծում ես տեսնում այն սկսնակների համար, ովքեր իսկապես ունեն հիմնարար գիտելիքներ:
 
- Իրականում սա այն հարցն է, որի շուրջ կարելի է ժամերով խոսել, բայց փորձեմ կարճ ասել։ Այստեղ սխալի մեծ չափաբաժինը հենց գործատուներինն է, ովքեր չեն ուզում աշխատել։ Աշխատել՝  նկատի ունեմ նոր կադրեր կրթել. նրանց բավարարում է հին կադրերի աշխատանքի իմացությունը և ուզում են ձեռքերը ծալած նստել ու փող ստանալ։ Բայց կա նաև հարցի երկրորդ կողմը։ Ցավով պետք է փաստել, որ ներկայումս երիտասարդ  կադրերի մեծամասնությունը չգիտե, թե ի՞նչ է կամավորությունը կամ չեն ուզում զբաղվել կամավորությամբ։ Մինչդեռ հենց կամավորությամբ կարելի է ձեռք բերել աշխատանքային փորձ ու այսպես ասած՝ «անուն»։ Այնուհետև, տեսնելով քո առաջադիմությունն, արդեն գործատուն ինքը քեզ կառաջարկի աշխատել իր մոտ։
 
- Քո կարծիքով Արցախի երիտասարդների համար կամավորությունն ընդունելի՞ է:
 
- Կամավորությունն այդքան էլ շատ չի ընդունվում, քանի որ շատերը շահի հետևից են ընկնում
 
- Ինչպիսի՞ն ես դու աշխատանքում և առօրյա կյանքում։
 
- Թե՛ առօրյա կյանքում և թե՛ աշխատանքում ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ։ Իհարկե, կան որոշակի սահմաններ, բայց ձգտում եմ չտարբերվել:
 
- Սիրու՞մ ես ինքդ քեզ համար նոր բացահայտումներ անել։
 
- Բացահայտումներ սիրում եմ, բայց ոչ միշտ։ Եթե խոսքը վերաբերում է մասնագիտական ոլորտին՝ շատ եմ սիրում։ Քանի որ բախտի բերմամբ ես ունեմ սիրելի և շատ հետաքրքիր աշխատանք, որն ինքնին շատ բան է բացահայտում Արցախի համար, ինչու չէ՝ նաև ինձ համար։
 
- Քո կարծիքով, ո՞րոնք են Արցախում ամենապահանջված մասնագիտությունները։
 
- Չեմ ուզում որևէ մասնագիտություն առանձնացնել, որովհետև կամա, թե ակամա՝ բոլոր մասնագիտությունները փոխկապակցված են իրար հետ։ Բայց ներկայումս բուռն զարգացում է ապրում հենց IT ոլորտը՝ ծրագրավորման, ռոբոտաշինության ոլորտներով։
 
- Մարդու մեջ ո՞ր արժեքներն ես բարձր գնահատում։ Եղե՞լ են հիասթափության պահեր վերջին ժամանակներում։ 
 
- Մարդու մեջ գնահատում եմ նվիրվածությունը, ընկերասիրությունը և ճշտապահությունը։ Չեմ սիրում, երբ մարդ ուշանում է։ Հիասթափության պահեր, իհարկե, եղել են, բայց փորձում եմ ամեն ինչում գտնել դրական կողմը։
 
- Պարտադիր զինվորական ծառայությունդ ավարտելուց հետո  որ՞ն է եղել քո առաջին քայլը։
 
- Զինվորական ծառայությունից հետո առաջին քայլը  նորից զինվորական ծառայությունն էր, արդեն պայմանագրային հիմունքներով։ Բայց ես հասկացա, որ իհարկե հայրենիքի պաշտպանությունը շատ կարևոր է, բայց ես կարող եմ հայրենիքիս այլ կերպ օգտակար լինել։ Եվ միանգամից ընդունվեցի ՏՏ կենտրոն ու մեկնեցի գործուղում՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում մասնագիտանալու համար:
 
- Հետաքրքրություններիդ շրջանակը մեծ է: Ուրիշ  ինչո՞վ ես զբաղվում :
 
- Հետաքրքրությունններիս շրջանակը շատ մեծ է։ ITC-ներից բացի զբաղվում եմ նաև մարքեթինգով:
 
Դավիթը հավելեց, որ այժմ աշխատում է աշակերտների հետ՝ նրանց հմտացնելով անօդաչու թռչող սարքեր պատրաստելու գործում: Նրա խոսքով՝ Արցախում կարևոր է, որ աճող սերունդն իմանա անօդաչու թռչող սարքեր պատրաստելու գաղտնիքները: 
Դավիթին ու նրա նման երիտասարդներին ճանաչելով՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ երկրի ներկան և ապագան ամուր ձեռքերում է, որովհետև Արցախի գիտական ասպարեզը համալրում են խելացի և բարեկիրթ երիտասարդներ:
 
 
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ