ՉԱՆՏԵՍԵՆՔ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄԻ ՎՏԱՆԳԸ

Թվային դարաշրջանի վնասները

Մարդկությունն այնպես աննկատ ոտք դրեց թվայնացված աշխարհ, որ արդեն հնարավոր էլ չէ պատկերացնել, թե այս տեխնոլոգիաները կրող են չլինել: Մինչդեռ ակնհայտ է, որ սա բնավ էլ ավելի անվտանգ աշխարհ չէ: Ավելի շատ վտանգվում է մտավոր սեփականության ոլորտը, որից երկրները փորձում են պաշտպանվել` օրենքներ ընդունելով: Մինչդեռ շատերն ապրում են «օրենքը նրա համար է,որ ես շրջանցեմ» սկզբունքով:

«Մտավոր սեփականության մասին» օրենք ունի նաև Հայաստանի Հանրապետությունը, և դրսի փորձագետները այն միջազգային չափանիշներին համապատասխան են գնահատում:
Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում երեկ Երևանում անցկացված համաժողովում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչը նշել է, թե կարևոր է այդ ասպարեզում կոալիցիա ձևավորել: Նրա համոզմամբ` համատարած թվայնացման պայմաններում անհատապես գործելը բավարար հնրավորություն չի տալիս արդյունքի հասնել: Նա նշել է, որ թվային դաշտում են գործում ամեն ինչ` առևտուրը, բանկերը, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը, իսկ դրանց սպառնում են կիբեռհանցագործությունները: 

Ամեն տարի, պարզվում է, այդպիսի հանցագործությունների զոհ է դառնում 600 մլն. մարդ: Բայց չէ՞ որ դա մարդկության գրեթե մեկ տասներորդն է: Սա նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ հսկայական ֆինանսական կորուստներ են ունենում, վիրուսային հարձակումների հետևանքով համակարգիչներում պահվող տեղեկություններն են անհետանում կամ աղավաղվում, գաղտնի տեղեկություններ են բացահայտվում, շատ մարդիկ զրկվում են անձնական կյանքի իրավունքից: Եվ այլն, և այլն:

Փաստորեն` թվային դարաշրջանն իր հետ բերել է  հանցագործության նոր տեսակ` ցանցահենությունը ու դրանով նոր բնագավառ բացել նաև քրեագիտության ոլորտում: Ու քանի որ այս` կիբեռհանցագործությունների զոհերի վերաբերյալ տվյալը տարեկան կտրվածքով է, դուրս է գալիս, որ այս կամ այն կերպ ամբողջ մարդկությունը տուժում է: Մանավանդ` հիշատակվում են միայն բացահայտված դեպքերը, իսկ որքանն էլ ծածուկ են մնում…

Թվայնացված դարաշրջանը, ցավոք, զուգահեռվում է ահաբեկչության դարաշրջանին, ինչի պատճառով վտանգվում է ամբողջ մարդկության գոյությունը: Մարդիկ հաստա´տ չեն մոռացել, թե ինչպիսի մտավախություն էր պատել բոլորին 2000թ. նախաշեմին: Կասկածներ էին տարածվում, թե հնարավոր է` համակարգիչները այդ զրոներից գլուխ չհանեն և ավտոմատ կերպով այնպիսի հրահանգներ գործի դնեն, որից երկրագունդն ուղղակի վերանա:

Այն ժամանակ դա տեղի չունեցավ, սակայն դա չի նշնակում, թե վտանգը վերացել է կամ գոնե փոքրացել, քանի որ հանցագործի տեխնիկական հնարավորություններն անսահման են, իսկ մտավոր և բարոյական մակարդակը` անհուսալի: