Անորոշության խաչմերուկում
ԱՆՈւՐԱԽ ՄՏՈՐՈւՄՆԵՐ
Հունական ու հռոմեական թատրոններից չի կարելի զատել նաև հայկական թատրոնը, որովհետև թե՛ ժամանակագրական, թե՛ ասելիքի առումով դրանք չեն տարբերվում։ Այն, ինչ հայտնի է մեզ, բավական է՝ հստակ ասելու, որ մեր թատրոնը մշտապես արտացոլել է հասարակության դեմքը։ Ինչպես ականավոր դրամատուրգ Ռուբեն Մարուխյանն է սիրում կրկնել՝ «Ամենայն հայոց բանաստեղծն ասում էր՝ հայ թատրոնը պիտի խոսի հայի մասին, պիտի խոսի հայի համար»։
Այնքա՜ն արդիական է այս խոսքը, որ սթափվելու կոչ պիտի դառնա. մանավանդ այսօր, երբ հայ թատրոնի խաղացանկը զարդարող ներկայացումների մեծ մասը օտարանուն են, ներկայացնում են օտարի կյանքը, ըստ էության խոսում օտարի մասին և օտարի համար։ Կարելի՞ է արդյոք զարմանալ ու զայրանալ այս երևույթից: Անշուշտ, որովհետև նորարարությունը ամեն կերպ շրջանցում է հայկական նորօրյա և դասական դրամատուրգիան ու, որքան էլ ջանքեր են գործադրվում հայ թատրոնը հայկականացնելու ուղղությամբ, միևնույն է՝ վիճակը մնում է անփոփոխ։
20-րդ դարասկզբի թատրոնը որքան էլ գեղեցիկ էր, որքան էլ կայուն էր ու սիրված, ինչ-որ ժամանակ զիջեց իր տեղը, օրավուր նվազեց թատրոնի կարևորությունը հասարակության կյանքում և արդեն դարավերջին մնաց թատրոն գնացողների «վերջին սերունդը»։ Այո, այսօր էլ կան թատերասերներ, այսօր էլ կան առանձնացված ժանրային առանձնահատկությամբ թատրոններ, բայց...
Վերադառնանք այնտեղ, որտեղից սկսվեց քաոսը։ Քաոսը սկսվեց այն ժամանակ, երբ հացի խնդիրը պատուհասեց մեր փոքրիկ լեռնաշխարհին, և վրա հասավ իսահակյանական հոգու սովը։ Ժամանակի մտավորականները, ովքեր չէին կարող չնկատել սա, թողեցին իրենց բնօրրանները և ստանձնեցին թատրոնաշինարարի առաքելությունը ու հաջողեցին։ Սոս Սարգսյանը հեռացավ Սունդուկյանի անվան թատրոնից, որպեսզի հիմնի Համազգային թատրոնը (ներկակում՝ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն), Մհեր Մկրտչյանը հեռացավ, որպեսզի կազմավորի մի նոր թատրոն (ներկայում Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն)։ Ինչո՞ւ՝ որպեսզի կարողանանք շրջանցել հոգու սովը և շրջանցեցինք։ Բայց ու՞ր հասանք մենք, որտե՞ղ ենք մենք հիմա։ Անորոշության խաչմերուկում կանգնած, ամենաթողության ծայրագույն վիճակում, անհատ նվիրյալնելի միջոցով փորձում ենք պահպանել նախնիների ստեղծածը, մինչդեռ հիմա թատրոններ են փակվում. թատրոններ, որ ստեղծվել են տիտանական ջանքերով ու կարողացել են ստեղծել իրենց ձեռագիրը, ունենալ իրենց հավատարիմ հանդիսատեսը։ Ուրեմն որտե՞ղ է խնդիրը. ցավոք թե բարեբախտաբար՝ հացի խնդիրը չէ, որ մղում է դրան: Ուրեմն… ինչո՞ւ ենք հայտնվել անորոշության խաչմերուկում։
Մարինե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Կալիֆորնիայի հայ գրողների միության
Պատվավոր անդամ, հրապարակախոս