ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՆԴ, ՉԱՐԻ՛Ք
Երբ գործի մեջ հոգի է դրվում
Փարիզում բշիշկները 49-ամյա կնոջը մահացած են ճանաչել, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան փրկել են: Դուստրը մորը գտել է անշնչացած, հատակին ընկած և շտապօգնություն է կանչել: Բժիշկները փորձել են իրենց միջոցները, ապա հայտարարել, թե նրան կյանք վերադարձնել հնարավոր չէ: Մեկ ժամ անց եկած ոստիկանները թույլ շնչառություն են նկատել, ապա պարզել, որ սիրտը բաբախում է:
Կես ժամ արհեստական շնչառություն տալուց և սիրտը մերսելուց հետո կինն ուշքի է եկել: Ապա նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մեկ շաբաթ անց սկսել է ապաքինվել (հաղորդել է BBC-ն):
Ըստ էության՝ Փարիզի ոստիկաններն ավելի հմուտ բժիշկներ են դուրս եկել, քան տվյալ շտապօգնության բուժանձնակազմը: Եվ փառք Աստծո, քանի որ կարողացել են մարդու կյանք փրկել: Մարդկանց գիտակցության մեջ ոստիկանի կերպարն ավելի շատ բռնության, երբեմն էլ կրակոցների ու սպանությունների հետ է զուգորդվում: Այս դեպքը, սակայն, ցույց է տալիս, որ վատ չէր լինի՝ հասարակական կարգի պահպանողները նաև բժշկական գիտելիքների տիրապետեին: Փարիզում ծառայող այս ոստիկանները նաև սրտացավ մարդիկ են եղել, ոչ թե հանձնարարությունը կատարող անհոգի պաշտոնյաներ: Նրանք կարող էին, չէ՞, իրենց արձանագրությունը կազմել ու ուրիշների (տվյալ դեպքում՝ բժիշկների) գործին չմիջամտելով՝ հեռանալ:
Մեր օրերում այլոց վշտին ու տառապանքին անտարբեր նայողներն այնքան են շատացել, որ արդեն սրտացավ վերաբերմունքն է զարմանալի թվում: Մարդը կարող է իր պարտականությունների ճշգրիտ կատարողը լինել, կարող է բարձր գիտելիքների և անսահման հնարավորությունների տիրապետել, սակայն եթե գործի մեջ հոգի չդրեց, կատայալ արդյունքի չի հասնի: Այս հոգին է, որ որոշ մարդիկ ու խմբեր դեռևս իրենց գործելակերպի հիմքում են դնում, և հավանաբար հենց դրա շնորհիվ է, որ մեր մոլորակի վրա մինչև այժմ մարդավարի կյանք կա: (Անհոգի կատարողներին այլ խոսքով զոմբի են կոչում):
Այս միտքն ավելի է ամրապնդվում երկրագնդի հակառակ կողմում տեղի ունեցած մի հուզիչ դեպքի համադրությամբ: ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի արվարձանում համարյա 70 տարի միասին ապրած ամուսնական զույգը մահացել է 40 րոպեի տարբերությամբ: Երբ Վաթքին ամուսիններից Թերազան կեսգիշերին հրաժեշտ է տվել կյանքին, վշտահար Իսահակը նրա ձեռքն ափերի մեջ է առել: Իսկ երբ 40 րոպե անց զավակները ծնողների ձեռքերն առանձնացրել են, դադարել է շնչել նաև Իսահակը: Ահա այսպես՝ մարդիկ հոգով այնպես են հարազատանում, որ բառի բուն իմաստով՝ առանց իրար ապրել չեն կարողանում: Ընդ որում, սա բնավ էլ եզակի դեպք չէ, մարդկանց հիշողություններում կամ արխիվային փաստաթղթերում հաստատ հնարավոր է հազարավոր նման օրինակներ գտնել: