ՏՂԱՅԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՈՒ ՏՂԵԿՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ասում են՝ վիճաբանելու նպատակ չեն ունեցել
Փաստաբանները պատգամավորներից ոչնչով չեն տարբերվում. երեկ այս բովանդակությամբ գրառումներ կային սոցցանցերում: Իսկ պատճառը փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա հարձակումն էր:
Ի՞նչ է եղել իրականում՝ հավանաբար կպարզի քննությունը: Առայժմ կողմերը միմյանց են մեղադրում: Իսկ այսօր դեպքի մասին մանրամասներ է ներկայացրել հարձակվող կողմը` փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
Նրա խոսքով` Տիգրան Աթանեսյանը երկար ժամանակ վիրավորել է իրեն, հրապարակավ սեռական հայհոյանքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին: Վրդովված այդ ամենից` ինքը և մեկ այլ փաստաբան՝ Արսեն Հարությունյանը (ում հետ միասին աշխատում են) որոշում են գնալ Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` խոսելու ինչպես տղամարդը տղամարդու հետ:
- Նպատակ չեմ ունեցել վիճաբանություն ու քաշքշուկ սարքելու, պարզապես հասկանալու, թե ինչու է Տիգրան Աթանեսյանը նման պահվածք դրսևորել: Առաջին հայհոյհողն ու հարվածողը Տիգրան Աթանեսյանն է եղել: Երբ գնացինք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ, այնտեղ մի աղջիկ կար: Նրան խնդրեցինք դուրս գալ, սակայն նա դուրս չեկավ: Երբ պարզաբանում պահանջեցինք Տիգրան Աթանեսյանից, նա հակադարձեց ինձ, հարվածեց ինձ ու Արսեն Հարությունյանին: Հարվածն այն աստիճանի էր, որ Արսեն Հարությունյանը դիմածնոտային կոտրվածք ստացավ: Նրան տարա հիվանդանոց, ու պարզվեց` ես ու Արսեն Հարությունյանը վնասվածքներ ունենք,- մանրամասնեց փաստաբանների դպրոցի տնօրենը:
Փաստաբանների դպրոցի տնօրեն ի խոսքով` Տիգրան Աթանեսյանի մոտ գնալու ճանապարհին հանդիպել են Վրեժ Խաչիկյանին ու Գևորգ Մկրտչյանին, ովքեր նույնպես որոշել են ուղեկցել նրանց:
Տնօրեն Սիմոն Բաբայանը հերքեց տեղեկությունները, թե իրենք հարվածել են Արմեն Սողոմոնյանին, և՝ որ Վրեժ Խաչիկյանը փորձել է ոտքով խեղդել նրան:
Ասելը՝ ասաց, բայց ոչ մի կերպ չկարողացավ գտնել պարզունակ այն հարցի պատասխանը, որ եթե չեն հարվածել, ապա ինչպե՞ս է պատռվածք ստացել:
ՀԳ. Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող էին փաստաբանները տղայական մակարդակով հարցեր լուծել, եթե գրեթե ամեն օր դատարաններում պայքարում են օրինականության համար, քարոզում` խնդիրները լուծել իրավական մակարդակով: Բայց արի ու տես, որ այսօր իրենք են դեմ գնում իրենց քարոզածին: Ու այսքանից հետո դժվար է պատկերացնել`ապագա ա փաստաբաններ կրթող դպրոցի տնօրենն ինչպե՞ս պետք է համոզի առաջնորդվել միմիայն օրենքով: