Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիություն

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱԿԱՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՈՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:
 
Սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոց հաճախող երեխաների մեկ երրորդը ապրում է ամենաքիչ զարգացած երկրներում, իսկ կեսից ավելին ապրում է անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում:
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի, չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով: Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում: Դրան զուգահեռ, տվյալները փաստում են, որ շատ քիչ դպրոցներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ և սանիտարահիգիենիկ պայմաններ:
 
«Չափազանց մեծ է այն երեխաների թիվը, որոնք հաճախում են խմելու ջուր, մաքուր սանհանգույցներ, ձեռքերը լվանալու օճառ չունեցող դպրոցներ, ինչը դժվարացնում է ուսուցումը, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սանիտարահիգիենիկ պայմանների, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկի նվազեցման հարցերով բաժնի ղեկավար Քելի Էն Նեյլորը, - ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդգծեց առողջ և ներառական կրթական միջավայր տրամադրելու կարևորությունը: Երեխաների կրթությունը պաշտպանելու համար վերականգնման ճանապարհը պետք է ներառի դպրոցներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի տարրական ծառայությունների առկայություն այսօր և ապագայում»:
 
«Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը ոչ միայն կարևոր է վարակների արդյունավետ կանխարգելման և վերահսկման առումով, այլ նաև երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության գրավականն է, - նշել է ԱՀԿ-ի շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Նեյրան, - Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ երեխաները կզարգանան և չեն ենթարկվի դժվարությունների և առերեսվի վարակների տարրական ենթակառուցվածքների բացակայության կամ վատ պահպանման պատճառով»:
 
Իրավիճակը Հայաստանում
 
Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝
 
135 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,500 աշակերտ (3%) և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:
70 դպրոցում (5%), որոնք ունեն շուրջ 4400 աշակերտ (1%) և մոտ 630 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:
 
Իսկ շուրջ 60 դպրոցներում սովորող ավելի քան 3600 աշակերտ (0.9%) և 517 ուսուցիչ (1.3%) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:
 
2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:
 
Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։