«ՀԱՐԿԱՅԻՆ ԱՍԵԼԻՍ՝ ԱՐՅՈՒՆՍ ՍԱՌՉՈՒՄ Է»
Շահութահարկը գանձել սահմանում
Նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանին բողոքի ակցիաներով անհանգստացրին տոնավաճառի աշխատակիցները: Նրանք պահանջում էին հանգիստ թողնել իրենց, ներմուծման փաստաթղթեր պահանջել ոչ թե իրենց այլ խոշոր ներկրողներից:
Պատկան մարմինների պատասխանը չուշացավ: Անմիջապես հայտարարեցին, թե բողոքի ակցիաներն ուղղորդված են, բայց ո՞ւմ՝ կողմից, անուններ չտվեցին:
«Ավանգարդը»խնդրին անդրադարձել է՝ հնչեցնելով մի քանի հարցադրումներ՝ ուղղված պատկան մարմիններին: Բայց մինչս օրս խնդրի լուծման հստակ մեխանիզմ ՊԵԿ-ը չի ներկայացրել: ՓՄՁ-ի ներկայացուցիչներն էլ, ինչպես ասում են, որոշել են առաջ ընկնել: Նրանք առաջարկում են լուծման իրենց տարբերակը:
- Սահմանում որոշ հարկային վճարումներ արդեն անում ենք, բացի շահութահարկից: Պահանջում ենք, որ շահութահարկը ևս վճարենք սահմանում, որից հետո խիղճներս հանգիստ աշխատենք: Եթե հաշվապահ պահելու, ներմուծման թղթեր ներկայացնելու համար ֆինանսներ ունենանք՝ Թուրքիա չենք գնա ավտոբուսով՝ 37 ժամ ճանապարհ կտրելով,այլ ինքնաթիռով կգնանք,- այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասացին ՓՄՁ մի քանի ներկայացուցիչներ:
Ճիշտ է, մինչև շուկայում ապրանքը չիրացնի՝ ներկրողը չի կարող որոշել շահութահարկի չափը: Բայց երևի թե դժվար չէ միջին ինչ-որ գումարաչափ ամրագրել՝ դիցուք ապրանքի տեսակից, կամ դրա ձեռքբերման արժեքից ելնելով: Կամ՝ շահութահարկը հաշվարկել նախորդ տարվա եկամուտների միջինացված հիմքով:
Ի դեպ, շատ ձեռնարկատերեր էլ առաջարկում են, հարկային վճարները սահմանել տվյալ կրպակի կամ արտադրամասի զբաղեցրած տարածքի չափից ելնելով: Եվ տրամաբանական է. դիցուք, 10-15 քմ տարածքում նույնքան առևտուր կամ նույնքան արտադրանք չի կարող լինել, որքան, ասենք՝ 80-100 քմ-ում:
Փաստորեն, մարդիկ ամեն ինչի պատրաստ են, անգամ՝ վճարել ավելին, միայն թե բյուրոկրատական քաշքշուկների մեջ չհայտնվեն: Իսկ բյուրոկրատական քաշքշուկները հարկային տեսուչների տեղի-անտեղի անհանգստություններն են, որոնք երբեմն անարյուն տեռորի են վերածվում:
Արդյո՞ք այս առաջարկները ստվերի դեմ կառնեն, ինչպես հավաստիացում են առևտրականները: Համենայն դեպս՝ փոքր և միջին ձեռնարկատերերն ավելի հանգիստ կաշխատեն: Այսօր նրանք ընդվզում են անզորությունից, իսկ այ՝ «խոշորները» լռում են, որովհետև ոչ մի օրենք իրենց չի խանգարում: Ինչո՞ւ: Որովհետև օրենք ընդունողն էլ են իրենք, օրենքն ուզած կերպով շուռումուռ տվողն էլ:
Մի խոսքով, ՓՄՁ ներկայացուցիչների այս առաջարկներով հնարավոր կլինի՞ փոքրերի տակ թաքնվող խոշորներին ջրի երես հանել: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը հակված է տարիներ շարունակ չարչրկված խնդրին տալ վերջնական ու բոլորի համար ընդունելի լուծում: