ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԾՐԱԳԻՐՆ Է ՄՆԱՑԵԼ

«Նորահայտ հին խնդիրներ»

Գործող  քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը  երևանցիների քվեն ստանալու  նոր  կարգախոս է որդեգրել՝ քաղաքը «պարուրել»  կանաչ թղթադրամներով:   Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ  իր ընտրվելու դեպքում   արտասահմանից մեծ գումարներ են սպասվում:

- Ներդրողը մեր սփյուռքից է: Հայրենասեր մարդու մասին է խոսքը,-  ասել է քաղաքապետը:

Թե կոնկրետ ո՞ր երկրից է ներդրողը, Մարգարյանն ասել է.

-Իրանք տարբեր տեղ են լինում, բիզնեսի մարդը մի երկրում չէ: Մեկ հոգի է, և հենց ինքը կհայտարարի: Ամեն ինչ հստակ է, և ինքը կհայտարարի:

Քաղաքապետի  խորհրդավոր հայտարարությունն ակամա հարցեր է ծնում: Նախ, անտեսանելի այդ ներդրողն ինչո՞ւ  պետք է  ֆինանսավորի «Հին Երևան»  ծրագիրը, երբ տարիներ շարունակ ոչնչացվել են հին Երևանի  պատմամշակութային կոթողները: Ավելին՝ ՄԻՊ-ի զեկույցներում քաղաքապետարանը  մարդու իրավունքները ոտնահարող 1-ին հնգյակում է, էլ չենք խոսում՝ Երևանի բյուջեի անարդյունավետ ծախսման մասին:

Զավեշտը սրանով չի ավարտվում: Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագիրն էլ քաղցր կենացների մի շարք է: Հայտնի չէ, թե ո՞վ է գրել ծրագիրը, ի՞նչ նպատակով, բայց սրանով  մեծ հարված են հասցրել քաղաքապետին: Թերթելով նախընտրական ծրագիրը՝ տպավորությունն այն է, որ այն կարծես  թե նախորդի կրկնությունը լինի՝ մի երկու բառ ավել-պակաս տարբերությամբ: Բացի այդ, ԱԺ-ի ընտրություններում ընդդիմությունը քննադատվում էր՝ ծրագրերի իրականացման համար ֆինանսական աղբյուրները չմատնանշելոու համար: Մինչդեռ փորձառու ՏԻՄ ղեկավարի նախընտրական ծրագրում ևս մատնանշված չեն այն ֆինանսական միջոցները (կամ՝ աղբյուրները), որոնց հաշվին քաղաքապետին մանդատին երրորդ անգամ հավակնող  Մարգարյանը  կյանքի պետք է կոչի նորագույն մեթոդներով քաղաքի կառավարումը:

Եվ, ամենակարևորը՝ի՞նչ է խոստանում ՀՀԿ-ի թեկնածուն. ըստ էության, այն խնդիրների լուծումը, որը կառավարման 8 տարում այդպես էլ չարեց՝ վերելակային տնտեսությանառողջացում, տրանսպորտային խնդիրների լուծում, համատիրության համակարգի վերանայում: Այսպիսի բարի ցանկությունների շարքը կարող երկար թվարկել ամեն երևանցի, և հրատապ լուծում պահանջող այդ խնդիրները վերջին 4 տարում չեն կուտակվել: Պարզապես մինչ այս՝ երևանցին մտածում էր, թե այդ խնդիրների անլուծելիության«մեղավորը» ֆինանսների բացակայությունն է: Իսկ նախընտրական ծրագրից տպավորություն ես ստանում, որ կա՛մ դրանք նոր են ծագել, կամ քաղաքապետի թեկնածուն նոր է տեղեկանում դրանց գոյության մասին:

Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին: