Հերքում և հերքման պահանջ

ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ Է ԱԿՆՀԱՅՏ ԽԵՂԱԹՅՈՒՐԱՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումներից մեկը՝ «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ, թեր և դեմ բազմազան քննարկումների թեմա դարձավ։ Սակայն, պարզվում է՝ դրանում  աղավաղված են փաստերը։ Եվ «Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Յուրի Քոքոբելյանը հերքում է տարածել, որը մասնավորապես արձանագրում է․
 
08.07.2022թ. «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածում առկա է ակնհայտ խեղաթյուրանք և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնք, մեր գնահատմամբ, իրականացվել է միտումնավոր՝ վնասելով  «Արգիշտի-2» ՍՊԸ-ի և ՍՊԸ-ի սեփականատիրոջ գործարար համբավը, ստեղծելով թյուրըմբռնում, թե Մարց գետի վրա գտնվող ՀԷԿ-ը ձեռք է բերվել 50 հազար դրամ արժեքով:
 
Այս ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ հոդվածին չէինք անդրադառնա, եթե վերջին օրերին այս հոդվածի վերաբերյալ չլինեին ակնհայտ ուղղորդված շահարկումներ: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ վերոնշյալ ՀԷԿ-ը ունեցել է խնդիրներ վարկային պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված, բացի այդ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով աշխատել է ոչ իր ամբողջ դրվածքային հզորությամբ, և բանկի, նախկին սեփականատիրոջ և իմ միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը /կից ներկայացնում եմ գործարքի վճարման հանձնարարականը/:
 
Նշեմ, որ մեր ընտանիքի տնտեսական գործունեությունը միշտ թափանցիկ է իրականացվել և որևէ մեկից երբեք որևէ հարց թաքցնելու կարիք չենք ունեցել, սակայն միայն այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան տիրույթում նախկին և ներկա իշխանությունների արբանյակներ հանդիսացող մի շարք օգտատերերի կողմից դրա տարածումն ու հորեղբորս՝ Խաչատուր Քոքոբելյանի և իր գլխավորած կուսակցության անուն անհարկի շրջանառելն ունի հստակ և ուղղորդված քաղաքական ենթատեքստ: Վստահեցնում եմ՝ այստեղ էքշըններ փնտրելն անհաջող փորձ է, և խորհուրդ ենք տալիս ոմանց  իրենց ձախողումների և չկայացվածության արդարացումները փնտրել իրենց իսկ անձնական տիրույթում:  
 
Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահած գործառույթները: 
 
Մեզ համար նաև ցավալի է, որ «Ազատություն» ռադիոկայանի նման պրոֆեսիոնալ լրատվամիջոցը թույլ է տվել նման հոդվածի հրապարակումը, որը որևէ աղերս չունի լրագրության տարրական կանոնների հետ՝ այն է անաչառություն և բազմակողմանի լուսաբանում, ավելին՝ ակնհայտ ուղղորդող վերնագրով լրատվամիջոցն իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել, ինչն իրեն պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցի համար պարզապես անթույլատրելի է: 
 
Ուստի, հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները , ինչպես նաև Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, պահանջում ենք «Ազատություն» ռադիոկայանից հրապարակել սույն տեքստը՝ որպես 08.07.2022թ.-ին լրատվամիջոցի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածի հերքում:
 
Հարգանքով՝ Յուրի Քոքոբելյան
«Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր