Մայիսի 1՝ օր անցյալաբաղձության

Կամ՝ աշխատանք, կամ՝ խոսելու իրավունք

Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է: Ավագ սերնդի ներկայացուցիչներն արդեն քառորդ դար հիշում են, թե որքան սպասված էր և ինչ շուքով էր նշվում տոնը Խորհրդային Հայաստանում: ՈՒ որքան էլ այն տարիներին անպատկերացնելի էր, որ աշխատել ցանկացողն անօգնական գործազուրկ է դառնալու, նույնքան էլ զարմանալի է՝ աշխատանքային իրավունքն ու դրան առնչվող բոլոր հարցերը դարձել են երկրորդական:

Թեև անկախ Հայաստանում  ձևավորեց աշխատանքի տեսչություն, արհմիություններն էլ մինչ օրս պահպանվում են, սակայն գործազրկության կտրուկ աճը թևեր տվեց գործատուներին՝  աշխատակիցների հետ վարվել այնպես, ինչպես ուզում են, աշխատեցնել նրանց՝ քանի ժամ իրենք կցանկանան: ՈՒմ դուր չի գա՝ հաջողություն: Հետո՞ ինչ, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսգիրք կա:  Այն միայն թղթի վրա է: Ուզում ես իրավունքդ վերականգնել՝ դիմիր դատարան: Ընտանիք պահողի համար դա ոչ միայն ժամանակի կորուստ է, այլև՝լրացուցիչ ծախսեր ընտանիքը քաղցի մատնելու վտանգ:

Որոնք ենք ոլորտի հիմնական խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի բացակայությունը  հատկապես մասնավոր ոլորտում, որն  էլ նպաստում է ստվերին: Երկրորդ՝ չվարձատրվող արտաժամյա աշխատանքը, ինչպես նաև տոն, ոչ աշխատանքային օրերին հավելավճարի բացակայությունը, աշխատողի հանգստի համար չվճարելը  կամ մասնակի վճարելը:

2015 թ. Կայացված որոշումնորից մեկն անհասկանալի է առ այսօր՝ Աշխատանքի պետական տեսչությունը միացավ Առողջապահության նախարարությանը: Ավելին՝ տեսչությունը զրկվեց ինքնուրույն ստուգումներ կատարելու, տուգանելու հնարավորությունից:

-Միայն դիմում-բողոքներ ստանալիս կարող ենք  վարույթ հարուցել: Մնացած բոլոր դեպքերում  կարող են դիմել դատարան,- այսօր ասել է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը:

Աշխատանքային ոչ իրավաչափհարաբերություններն առավել առարկայական դարձան օրերս,  երբ  հրապարակվեց  ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի կողմից տնօրինվող «Սաս գրուպի» աշխատակիցներից պարտադրաբար ձայներ պահանջելու գաղտնի ձայնագրությունը: Վերջնականապես հայրենի չինովնիկները «համոզվեցին», որ որոշ ընկերությունների աշխատակիցներ ունեն մեկ այլ  «պարտավորություն»՝ ձայներ ապահովել շեֆի համար: Հրամանը կատարողներին  մի ավել  պատառ կնետվի «տիրոջ» կողմից, իսկ չկատարողները դուրս կնետվեն «դրախտից»...

Տեղի ունեցածից  հետո վարչապետը հայտարարեց Աշխատանքային օրենսգրքի արմատական վերանայման անհրաժեշտության մասին. ընդ որում՝ գործատուների բեռը թեթևացնելու նկատառումով: Թե ինչ նկատի ուներ բեռ ասելով՝ գործադիր մարմնի ղեկավարը չմանրամասնեց, միայն հանձնարարեց՝ 9 ամսում ներկայացնել աշխատանքային օրենսգրքի նոր նախագիծ: Բայց արդյո՞ք աշխատանքային իրավունքի ոտնահարումը  միայն մասնավոր ոլորտում է. պետական ապարատում ամեն ինչ կարգի՞ն է:

 Հարցերը բազում են, սակայն մեր օրերում մխիթարական է, երբ մարդն աշխատանք և կայուն վարձատրություն ունի. մնացյալն ածանցյալ է համարում՝ չմտածելով նույնիսկ, որ ինքն իրավունքներ ունի, իսկ գործատուն՝ պարտավորություններ: