Վարչապետը ներկա է գտնվել ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը

ՀԱՏԿԱՊԵՍ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
 
Շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին՝ Վարչապետը մաղթել է բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:
 
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է. 
 
- ․․․ Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: 
 
․․․ Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է , որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա: 
 
Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին: 
 
Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիակնությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: 
 
․․․ Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք:         
 
Արտակարգ իրավիճակների նաշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների:  
 
Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը: