2022թ․ առաջին կիսամյակում ծնունդները նվազել են

ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ 
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ
 
 
1. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
2022թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2961,9 հազար մարդ՝ 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,7 հազար մարդով։ 2022թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 0.5 հազար մարդով, որը կազմվել է 2022թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի բացասական մնացորդի՝ 1.3 և  բնական աճի՝ 1.8  հազարի հաշվին։
 
2. ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2022Թ. ԱՌԱՋԻՆ 7 ԱՄԻՍՆԵՐԻՆ
 
2022թ․ հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 694-ով կամ 3,4 տոկոսով՝ կազմելով 19․470 երեխա։ Միաժամանակ մահացածների թիվը նվազել է 2074 մարդով կամ 11,1 տոկոսով՝ կազմելով 16․458 մարդ։ Թեև ծնունդների թիվը պակասել է, սակայն մահացությունների թվի նվազման հետևանքով բնական հավելաճն աճել է՝ կազմելով 2922 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշն ավելացել է 89,5 տոկոսով կամ 1380 մարդով։ Կարելի է արձանագրել, որ բնական աճի ցուցանիշի լավարկման համար  հիմնական պատճառ է մահացությունների թվաքանակի նվազումը։ Մասնավորապես, 2022թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կորոնավիրուսից մահերը նվազել են 69,3 տոկոսով և կազմել 698 մարդ։ 
 
2022թ․ հունվար-հուլիսին ամուսնությունների թիվը (պաշտոնապես գրանցում ստացած) պակասել է 3,4 տոկոսով կամ 323-ով և կազմել 9306 դեպք։   
Մտահոգիչ է ամուսնալուծությունների թվաքանակի աճը, որը 2022թ․ հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,7 տոկոսով կամ 138 դեպքով։ 
 
2022թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվն էականորեն նվազել է։ Զգալիորեն բարելավվել են Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի բնական աճի ցուցանիշները: Մտահոգիչ է այն փաստը, որ բնակչության բացասական աճի ցուցանիշ է շարունակվում արձանագրվել  Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ մարզերում  բնական աճի բացասական ցուցանիշը որոշակիորեն նվազել է: 
 
Ծնունդների բացարձակ թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության 11 մարզերից 3-ում, ընդ որում, զգալի պակասել է մայրաքաղաք Երևանում արձանագրված ծնունդների թիվը՝ 36.4 տոկոսով կամ բացարձակ թվով՝ 3011-ով։ Ի տարբերություն Երևանի՝ հանրապետության մյուս մարզերում, բացառությամբ Շիրակի և Գեղարքունիքի, գրանցվել է ծնունդների թվաքանակի էական աճ՝ Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 61.1, 52.1, 43.8, 44.4, 29.4 և 28.3 տոկոսով։ 
 
Թեև այսպիսի տեղափոխությունը որոշակի իմաստով դեռևս դժվար է մեկնաբանել, բայց փաստ է, որ Երևանը կորցնում է հանրապետության ծնունդների առաջամարտիկի դերակատարումը, միաժամանակ էականորեն նվազում է նրա ունեցած ներդրումը բնական աճի ցուցանիշի ձևավորման գործընթացում։ Դեռևս երկու տարի առաջ Երևանն ապահովում էր բնական  դրական աճի ցուցանիշի մինչև 80, իսկ ներկայումս՝ 22 տոկոսը։ 
 
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա 1000 բնակչի հաշվով այն դեռևս ամենաբարձրն է Լոռու մարզում՝ 14.6 դեպք, որին հաջորդում են Տավուշի՝ 12.7, Վայոց Ձորի՝ 12.2 և Շիրակի մարզերը՝ 10.2 դեպքով։ 1000 բնակչի հաշվով մահացածների ամենացածր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում և Արմավիրի մարզում՝ 9 դեպք։ Հատկանշական է, որ 2022թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  մահվան դեպքերի 10.5 տոկոս նվազում, որը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ շուրջ 69 տոկոսով պակասել է կորոնավիրուսի համավարակից մահացության ցուցանիշը։ Եթե 2021թ․ առաջին կիսամյակում կորոնավիրուսի համավարակից մահացել էր 2185 մարդ, ապա 2022թ․  նույն ժամանակահատվածում՝ 687։ Ընդհանուր առմամբ 2022թ․ առաջին կիսամյակում մահերի բացարձակ թիվը նվազել է 1634 դեպքով, և նաև շնորհիվ դրա՝ բնական աճի ցուցանիշն ավելի բարձր է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։  
 
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ որոշակիորեն բարելավվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տեղաշարժերի վիճակագրությունը։ 2022թ․ փետրվարի 24-ի այդ հակամարտությամբ պայմանավորված՝ ազգությամբ ռուսների, Ուկրաինայից և ՌԴ-ից մեր հայրենակիցների ներհոսքի հիման վրա ՀՀ սահմանային անցակետերով մուտքերն ավելի շատ են եղել, քան ելքերը, թեև ՀՀ անձնագրերով ելքերը գերազանցել են մուտքերին, բայց այդ հանգամանքը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ մեր աշխատանքային միգրանտների մեկնումով, որը հիմնականում դեռևս ավարտվում է վերադարձով (տե՛ս աղյուսակ 2)։  
 
3․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021Թ. ՀԻՄՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
 
2022թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը նվազել է 1.9 հազար մարդով կամ 0,10 տոկոսով: Պետք է նշել, որ 2015-2016թթ. ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12․0, 2016-2017թթ.՝ 12․4, 2017-2018թթ.՝ 13․4 մարդով, 2018-2019թթ․՝ 5,6 հազար մարդով, իսկ 2019-2020թթ․ ավելացել էր 3.6 հազար մարդով։ 
 
2022թ. հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակի նվազման ցուցանիշով առաջատարը մայրաքաղաք Երևանն է՝ -4.0, որին հաջորդում են Լոռին և Սյունիքը՝ -0.6 , Լոռին՝ -1,1, Շիրակը և Տավուշը՝ -0,4 և Վայոց Ձորը՝ -0,3 հազար մարդով։  
Մշտական բնակչության թվաքանակի դրական փոփոխություն արձանագրվել է Արագածոտնի՝ 0.8, Արարատի՝ 0.7, Արմավիրի՝ 1.0, Գեղարքունիքի՝ 0.7 և Կոտայքի մարզերում՝ 0.4 հազար մարդով։ Նշված մարզերում բնակչության թվաքանակի աճի վրա ազդել են ինչպես բնական աճի դրական ցուցանիշը, այնպես էլ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները։ Հատկանշական է, որ  մայրաքաղաք Երևանի մշտական բնակչության թիվն այլևս նախորդ տարիների նման չի աճում, այլև նկատվում է որոշակի նվազում։ 
 
2021թ․ ծնելիության ցուցանիշների առումով կարևոր է այն հանգամանքը, որ չնայած կորոնավիրուսի համավարակին և Ղարաբաղյան երկրորդ պատերազմին՝ ծնունդների բացարձակ թիվը ոչ միայն չի նվազել, այլև 0.8 տոկոսով աճել է (բացարձակ թվով 270 երեխա), որը շատ կարևոր  է։
 
2016-2017թթ. ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 2892-ով, 2017-2018թթ.՝ 1126-ով, 2018-2019թթ.՝ 533-ով կամ 3,2 տոկոսով, իսկ 2019-2020թթ․ ՀՀ-ում արձանագրվել է ծնունդների թվաքանակի աճ՝ 312 երեխա։ 2021թ․ շարունակվել է 2014թ․-ից սկսված գործընթացը, և ծնունդների աճ է արձանագրվել 3-րդ, 4-րդ, 5-րդ և հաջորդ երեխաների կարգաթվերում համապատասխանաբար՝ 942, 268 և 97 դեպքով: Այս ավելացումը ոչ միայն մեղմել է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվերում արձանագրված անկումը, որը 1 տարվա կտրվածքով կազմել է համապատասխանաբար՝ 813 և 214 երեխա, այլև հնարավորություն է ստեղծել ապահովել ծնունդների աճ։ 
 
Երեխաների առաջին և երկրորդ կարգաթվերի նվազման հիմնական պատճառը 2012թ. սկսված ամուսնությունների թվաքանակի նվազումն է, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվ վերարտադրողական տարիքի մարդկանց թիվն անշեղորեն նվազում է: Այս միտումն առաջիկա տարիներին ավելի գերակա է դառնալու, քանի որ ամուսնական տարիք է մուտք գործելու 1990-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը:
 
2021թ. ծնունդների թվաքանակի ոչ մեծ, սակայն աճին զուգահեռ բարելավվել են 1000 կնոջ հաշվով տարեկան ծնվածների միջին թվաքանակի ցուցանիշները: Պետք է նշել, որ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց ծնելիության ցուցանիշները բարձրացել են բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 20-ից ցածր և 20-24-ի:
 
20 տարեկանից ցածր տարիքային խմբում ծնվածների միջին թվաքանակը 1000 կնոջ հաշվով 2020թ. 13.9-ից 2021թ. իջել և հասել է 12.8-ի: Ընդ որում, գյուղական բնակավայրերում 20 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց ծնելիության հաճախության ցուցանիշը մոտ 1,6 անգամ գերազանցում է քաղաքայինին:
 
20-24 տարիքային խմբերում 1000 կնոջ հաշվով ծնելիության հաճախությունը ևս  2020թթ. համեմատ պակասել է, և դա կրկին տեղի է ունեցել քաղաքային բնակավայրերում արձանագրված նվազման արդյունքում։ 2021թ․ քաղաքաբնակ 20-24 տարեկան տարիքային խմբում արձանագրվել է ծնելիության հաճախության լուրջ անկում, իսկ գյուղական բնակավայրերում աճել է և 1.4 անգամ գերազանցում է քաղաքաբնակ իրենց հասակակիցների ցուցանիշներին։  
 
Ի տարբերություն առաջին երկու տարիքային խմբերի՝ 25-29 տարեկան կանանց ծնելիության հաճախության ցուցանիշներն աճել են, սակայն ավելացում է արձանագրվել միայն քաղաքային բնակավայրերում, իսկ գյուղերում նվազել է։ 25-29 տարեկան գյուղական բնակավայրերի կանայք ծննդաբերած երեխաների թվաքանակով բավականին զիջում են իրենց քաղաքային տարեկիցներին:
 
Աճ է արձանագրվել նաև 30-34 տարեկանների խմբում: Պետք է նշել, որ այդ խմբում աճն ապահովվել է կրկին քաղաքային ծնելիության ավելի մեծ հաճախության շնորհիվ: 30-34 տարեկանների խմբում ևս գյուղական ծնելիության հաճախությունը վատացել է, և խզումն ավելի էական է դարձել:
 
Զգալի է նաև ծնելիության հաճախության վարչատարածքային տարբերությունները: Պետք է նշել, որ ծնելիության գումարային գործակցի  միջին հանրապետական՝ 1,709-ից բարձր ցուցանիշներ են արձանագրվել միայն մայրաքաղաք Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝  համապատասխանաբար՝ 6.5, 4 և 0.8 տոկոսային կետով: 
 
Հանրապետական միջինին մոտ ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում՝ 1.707, իսկ  համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի, մարզերում՝ 3.9, 4.4 և 4.6: Ամենավատ ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում՝ 13.4 միջինից ցածր տոկոսային կետով կամ մեկ կնոջ հաշվով 1.480 երեխա։ 
 
2022թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,1 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4 տոկոսը՝ աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), 15,5 տոկոսը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ (245 տարեց և 340՝ 0-15 տարեկան երեխա):
 
Ի տարբերություն 2021թ. տարեսկզբի՝  2021թ. աշխատունակ տարիքից ցածր (0-15) բնակչության թիվը փոփոխություն չի կրել: Աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչության թիվն աճել է 0,4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում բնակչության ծերացման գործընթացը չի դադարում։ 
 
2022թ. հունվար-հունիսին ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2021թ. նույն ժամանակահատվածի համար արձանագրված 108,8-ի համեմատ։ Պետք է արձանագրել, որ այս ցուցանիշի դեպի վեր բարձրացումը նշանակում է սեռով պայմանավորված աբորտների թվաքանակի աճ, ինչն իր հերթին կարող է կրկին վատթարացնել մայրական կազմի ապագա կառուցվածքը։ 
 
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական գործընթացների վերլուծությունը վկայում է, որ 2021թ․, չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսի ազդեցությանը, ծնունդների բացարձակ թիվը ոչ միայն չի նվազել, այլև որոշակի աճ է արձանագրել։ Հատկանշական է, որ մայրաքաղաք Երևանն այլևս ժողովրդագրական գործընթացների լոկոմոտիվը չէ, այժմ մարզային բնակավայրերն են վերցնում իրենց վրա այդ գործառույթը։ 
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2022թ․ առաջին 7 ամիսներին գրանցվել է ծնունդների թվաքանակի նվազում, իսկ առավել խնդրահարույց է 2022թ․ առաջին կիսամյակում նորածինների սեռերի հարաբերակցության մեծացումը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ծնունդների ընդհանուր թվաքանակի վրա։ Այս առումով անհրաժեշտ է համապարփակ հետազոտության միջոցով հասկանալ երևույթի պատճառները և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների հետևանքով դեռևս տարեկան 1200 ապագա մայրեր է կորցնում, և այս ցուցանիշի բարձրացումը չի նպաստում սեռային բալանսի կարգավորմանն ու հետագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ժողովրդագրական գործընթացներում։
 
Լուրջ ուշադրության կարիք ունի Սյունիքի մարզից տեղաշարժերի մոնիտորինգը, քանի որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո արտահոսքն այդ մարզից ավելացել է, իսկ դա հավելյալ անվտանգային ռիսկեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Սյունիքի պարագայում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերը շատ փոքր են, և այդտեղի բնակչության հետագա արտահոսքն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ 
 
(Հոդվածի պատրաստման համար օգտագործվել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի 2022թ․ հունվար-հունիսի հրապարակությունը, Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, ՀՀ ՎԿ)