Իրական կայուն զարգացում, այլ ո՛չ մահաբեր հանքարդյունաբերության թվացյալ «առավելություններ»

ՎԱՐԴԱՀՈՎԻՏՈՒՄ ՀԱՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՏԱՊԱԼՎԵՑԻՆ

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում նախատեսված բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ հանրային լսումները համայնքի ղեկավարի կողմից հայտարարվել են չկայացած։
 
Ըստ էության դժվար է հանրային լսում անվանել հավաքը, որի ընթացքում Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամի կողմից հնչեցված որևէ հարցի պատշաճ, կառուցողական և սպառիչ պատասխան չհնչեց  «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից։
 
Այնուամենայնիվ, գերլարված մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում համայնքի դիրքորոշումը հստակ էր արտացոլված․ համայնքն ընտրում է իրական կայուն զարգացումն, այլ ո՛չ մահաբեր հանքարդյունաբերության թվացյալ «առավելությունները», որոնք շատ կարճ ժամանակահատվածում աղետի են վերածվելու ոչ միայն տեղի բացառիկ կենսաբազմազանության, այլև մարդկանց համար։ 
 
Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ կողմից հայցվող 94քկմ տարածքն ամբողջությամբ համընկնում է Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամի մասնավոր կերպով պահպանվող տարածքի հետ․ Վարդահովիտի վարչական տարածքից վարձակալած ավելի քան 5000հա տարածքում հիմնադրամը 2016թ․-ից իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն ուղիների պահպանության նախագիծը՝ մեկտեղելով այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված մի շարք այլ նախագծերի հետ, մասնավորապես՝ էկոգյուղերի ցանցի ստեղծմանը։  
 
Պահպանության ենթակա տարածքն ունի բացառիկ կենսաբազմազանություն և հանդիսանում է կենդանական աշխարհի համար կարևոր միգրացիոն միջանցքի մի մասը։ Տարածքում հանդիպում են  ՀՀ կարմիր գրքում գրանցված մի շարք կանթնասուններ, ինչպես՝ սիրիական գորշ արջ,  եվրասիական ջրասամույր, հնդկական մացառախոզ, անտառակատու և այլն, թռչուններ՝ վայրի ձնահավ/ուլար, մորուքավոր անգղ, գիշանգղ, սև և սպիտակագլուխ անգղեր, քարարծիվ, օձակեր արծիվ, բվեճ և այլն։ Ինչպես նաև տարածքը հարուստ է բազմաթիվ միջազգային կարմիր գրքում գրանցված բուսատեսակներով, օրինակ՝ տանձենի Բռովիչի, տանձենի խառնված, Թրաշուշան հայաստանյան, Գազ թավոտ, Զանգակ ազգակից և այլն։ Ինչպես նաև, տվյալ տարածքը հարուստ է ջրաբանական տեսանկյունից, որտեղ ձևավորվել է բացառիկ խոնավ և գերխոնավ տարածքներ կարևոր վայրի կենդանիների համար։
 
- Եվս մեկ անգամ կոչ ենք անում, հորդորում ենք, խնդրում ենք մեր ընկերներին, գործընկերներին, բնությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին միանա՛լ խնդրի բարձրաձայնմանը, հայտնել իրենց դիրքորոշումը, մեր կողքին լինել՝ Հայաստանի կենսաբազմազանության այդ բացառիկ կտորը փրկելուն, համայնքների առողջ ու բարեկեցիկ ապագան չվտանգելուն ուղղված մեր ջանքերում,- նշում են Վայրի բնության և մշակութային զարգացման պահպանման հիմնադրամից։ 
 
Վարդահովիտ բնակավայրի 5000հա տարածքը մասն է կազմում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան մասնավոր պահպանվող տարածքի։ ԿԿԱ ողջ տարածքը գրանցված է Պահպանվող տարածքների համաշխարհային ռեգիստրում (World Database of Protected Areas), Կենսաբազմազանության հիմնական տարածքների ազգային ռազմավարության պլանում (KBA)։ Համաձայն IUCN-ի պահպանվող տարածքների դասակարգման համակարգի՝ CWR-ը հմապատասխանում է 6-րդ կատեգորիային, իսկ 2019 թ-ին Վարդահովիտը ճանաչվել է «Կյանքի տարածք» (Territory of life), որպես համայնքահեն բնապահպանության ու կարևոր կենսաբազմազանության կենտրոն ողջ Հարավային Կովկասում։
 
FPWC-ն  2016 թ-ից ի վեր Վարդահովիտ համայնքում իրականացրել է համայնքային կյանքի զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների զարգացումից մինչև բարձրարժեք բուսատեսակների համայնքային այգու հիմնում, ծառատունկեր (41.000 ծառի և կտրոնների տնկում), մշակութային ու բնապահպանական միջոցառումների կազմակերպում՝ իրականացնելով արտաքին լուսավորության անցկացում՝ 1.6 կմ երկարությամբ 45 ԼԷԴ լամպերով։