«Մեր լեզուն մեր խիղճն է դա…»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում հրավիրված տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը` տարեվերջին:

Լեզվի պետական տեսչության աշխատանքի բացասական գնահատակա՞նն է այս որոշումը, թե՞ մեր պետական լեզվի անաղարտությունն այլևս անկարևոր համարելու դրսևորում:
Առանց այս էլ` գերի ընկած մահապարտի պես` հայերենն օրավուր ավելի ու ավելի է խոշտանգվում: ՈՒ գերազանցապես` հեռուստաեթերային աղավաղումների, օտարագիր և օտարաբառ ցուցանակների շնորհիվ: Ցավալի իրողություն, որը շուտափույթ կանխել է պետք, և մեր լեզուն ու խոսքը պահպանող ազդեցիկ կառույց ստեղծելն այսօր հրամայական պահանջ է: Ինչպե՞ս կկոչվի այդ կառույցը` էական չէ, բայց ոստիկանի աչալրջությամբ պիտի հսկի և պատժի ցանկացած ոտնձգություն` ոսկեղենիկ մեր մայրենիի նկատմամբ:

Դատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքներով` ՀՀ սփյուռքի նախարարությունը շատ ավելի մտահոգ է այս խնդրով և նախանձախնդրորեն հետամուտ է` Սփյուռքում ապրողների հայապահպանության ծրագրերում հայեցի խոսքը առաջնահերթելու: Մինչդեռ Կրթության և գիտության նախարարությունն ասես անտարբեր է, թե Հայաստանում ինչպես է բռնաբարվում մեր պետական լեզուն:

Հուսանք, որ տարեվերջին Լեզվի պետական տեսչությունը լուծարելուց առաջ Կառավարությունը շատ ավելի գործուն մի կառույց կստեղծի կամ գործող որևէ այլ կառույցի կհանձնարարի կանխել ցանկացած ոտնձգությություն մեր լինելիության գրավական ՄԱՅՐԵՆԻԻ հանդեպ: