Վրաստանում երիտասարդների մեկ երրորդը դեպրեսիայի ախտանշաններ ունի. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ ունենում է չափավոր կամ ծանր անհանգստության ախտանիշներ, յուրաքանչյուր երրորդը` դեպրեսիայի նշաններ, իսկ ուսանողների մեկ երրորդը կյանքում գոնե մեկ անգամ մտածել է ինքնասպանության մասին: Ուսումնասիրությունն անցկացվել է Վրաստանի յոթ պետական բուհերի 18-24 տարեկան ուսանողների շրջանում։
 
Ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ յոթ պետական համալսարաններում ստեղծված երեխաների իրավունքների կենտրոնների կողմից։ Քութայիսիի, Բաթումիի, Գորիի, Սամցխե-Ջավախեթիի, Թելավիի, Զուգդիդիի և Սուխումի համալսարանների 2995 ուսանողներ հարցումների են մասնակցել հոգեկան առողջության իրազեկման բարձրացման և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների հասանելիության ուսումնասիրության համար:
 
Ուսումնասիրությունների համաձայն՝ հոգեկան առողջության տեսանկյունից երիտասարդներն ամենախոցելի խմբերից են։
 
Հարցված ուսանողների 72 տոկոսն ասում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոգեկան առողջության խնդիրները խանգարել են իրենց առօրյա գործունեությանն ու հարաբերություններին: Հարցվածների 97 տոկոսը լսել է «հոգեկան առողջություն» տերմինը, սակայն նրանց մեկ երրորդը շատ քիչ տեղեկություններ ունի այդ թեմայի վերաբերյալ, և հարցվածները որևէ մեկի հետ չեն խոսել հոգեկան առողջության հետ կապված իրենց զգացմունքների և ապրումների մասին:
 
Հոգեբուժական օգնություն ստանալու խոչընդոտ են հանդիսանում տեղեկատվության պակասը, մասնագիտական խորհրդատվության և դեղորայքի բարձր գները, ինչպես նաև անվստահությունը մասնագետների գիտելիքների և որակավորման նկատմամբ ու գաղտնիության չպահպանման վախը:
 
Մասնագետների կարծիքով՝ երիտասարդներին հասանելի չեն աջակցող, կանխարգելիչ կամ վերականգնողական ծառայությունները։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ հոգեկան առողջության մասնագետներին առավել հաճախ դիմում են դեպրեսիա, տագնապային խանգարումներ կամ խուճապի նոպաներ ունեցող երիտասարդներ: Երիտասարդների շրջանում լուրջ խնդիր է համարվում հոգեմետ նյութերից կախվածությունն ու դրա հետևանքով առաջացած հոգեկան խնդիրները՝ պարանոյա, հալյուցինացիաներ, քնի խանգարումներ։
 
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կարևոր է համարում երիտասարդների համար անվճար և կայուն հանրային ծառայությունների մշակումը: Ասում են՝ հոգեկան առողջության ոլորտում ծառայություններ և ծրագրեր պլանավորելիս կարևոր է հաշվի առնել երիտասարդների տարիքային առանձնահատկությունները՝ այդ ծառայությունները նրանց համար հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար։