Աղանդավորների դեմ պայքարով գաղտնազերծել այլոց
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՐՏԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պայքարելու է աղանդավորների դեմ:
- Հոգևորից եմ սկսելու: Նախաձեռնությունները շատ են,- ասել է պատգամավորը:
Իհարկե, լավ է, որ օրենսդիր մարմնի անդամը մտահոգ է ՀՀ-ում քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցների գոյության ու գործունեության համար: Լավ է, որ նախաձեռնությունները շատ են, բայց ի՞նչ մեխանիզմներով է պայքարելու հոգևոր անվտանգության համար:
Վարդան Ղուկասյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին պատգամավորն է, որ խոսում է աղանդավորների դեմ պայքարի մասին: Նույն՝ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն անգամ միջազգային կառույցներում է խոսել աղանդավորական կազմակերպությունների դեմ պայքարի մասին: Ավելին, ՀՀ-ում գործող աղանդավորական մի շարք կառույցներ 2014 թ.ստորագրահավաք էին նախաձեռնել ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի: Վերջինս էլ հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է հայ ընտանիքներին ու երեխաներին նրանց որոգայթներից փրկելու համար:
Անցել է երեք տարի, բայց ըստ էության ոչինչ չի փոխվել: ՀՀ-ում քայքայիչ գործունեություն ծավալողներն անվրդով շրջում են փողոցներում, գրքույկներ են բաժանում, հավաքներ կազմակերպում: Նույնիսկ օրենսդիր մարմնի անդամի կոչմանը հավակնող պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանն էր պաշտպանում աղանդավորական կառույցներից մեկին՝ «Կյանքի խոսքին», որի հովիվներից մեկը նրա եղբայրն է:
Դեռ հայտնի չէ, թե Հայ Առաքելական եկեղեցու, կառավարության հետ այս թեմայով Վարդան Ղուկասյանը խոսե՞լ է, թե՞ ոչ, քանզի աղանդավորական կառույցների դեմ պայքարը միայն հոգևոր դաշտի խնդիրը չէ: Բայց նաև Եկեղեցու կարևորագույն անելիքներից է: Դա հիմնականում քաղաքական ու ֆինանսական պայքար է: Պատահական չէ, որ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին Վարդան Ասծատրյանն, օրեր առաջ խոսելով ՌԴ-ում Եհովայի վկաներ կազմակերպության փակման մասին, ասաց.
- «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեության արգելումը Ռուսաստանում քաղաքական որոշում էր: Ռուսաստանն այդ քայլով ընդվզեց նաև արևմտյան կառույցների դեմ: Այս ամենից հետո «Եհովայի վկաներ» կազմակերպությունը դիմելու է ՄԻԵԴ` ընդդեմ Ռուսաստանի: Չ իբացառվում, որ միջազգային կառույցները Ռուսաստանի դեմ տուգանքներ սահմանեն:
Մեր օրենսդրությունը, ըստ կառավարության աշխատակցի, չի արգելում որևէ կրոնական կառույցի գործունեությունը Հայաստանում: Բայց եթե իրավական հիմնավորում լինի, պաշտոնյայի խոսքով՝ կարելի է արգելել աղանդավորական կառույցների գործունեությունը՝ թեկուզ դեմ գնալով Վենետիկի հանձնաժողովին:
Վարդան Ղուկասյանն այս հարցում կարծես թե իսկապես մարտական է տրամադրված, և եթե հաջողի սկզբունքային իր պայքարում, ապա նրա անունը կմնա մեր պատմության մեջ: Բացի այդ, նրա նախաձեռնությունը նաև լակմուսի թուղթ կլինի մյուս պատգամավորների համար: Բանն այն է, որ այդ կառույցները Հայաստանում հովանավորներ ունեն քաղաքական մակարդակում: Իսկ եթե այս ամենն ընդամենը բամբասանքներ են, ուրեմն ազգային շահերը սպասարկող պատգամավորներն անհապաղ կմիանան Վարդան Ղուկասյանի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում՝ գաղտնազերծումն անխուսափելի է: