Անին՝ որպես ահազանգ ու նախազգուշացում
«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ»-Ի ԱՅՑԸ ԱՆԻ ՈՒ ԿԱՐՍ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այցելել է հայոց ԱՆԻ և ԿԱՐՍ: Քարոզարշավը՝ քարոզարշավ, բայց կարծես թե ժամանակն է, որ մեր պատմության սևակնած այս էջը ուսուցողական դաս դարձնենք այսօրվա համար: Անին ավերվեց ու լքվեց... Նրա պատմության կրկնությունը աղետալի կարող է լինել ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի համար: Իսկ ազգեր և ժողովուրդներ սպանող բարոյալքումն ու նյութապաշտությունը օրավուր ավելի հիմնավոր են դարձնում իրենց ներկայությունը մեր հասարակության մեջ:
Հետաքրքիր համեմատության եզրեր է գտել ԵԾ-ն՝ «1000 ու մեկ եկեղեցիների քաղաքի» ավերման պատճառ բարոյալքման և մերօրյա բարքերի միջև: Անին, որը 100 հազար բնակիչ է ունեցել միջնադարում, Բագրատունիների հայկական դինաստիայի օրոք եղել է տարածաշրջանի հզոր մշակութային կենտրոնը, այնտեղ հիմնվել են այդ ժամանակաշրջանի մեծագույն ճարտարապետական և գեղարվեստական ոճով ձևավորված մեծաքանակ պաշտամունքի վայրեր... ավերակվել է՝ դառնալով լքված մի վայր:
- Այցելության միջոցով կուսակցության Երևանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին և երևանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը և եսապաշտությունը:
Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարյուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն և եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը:
- Այս ամենի մասին պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի և ներկայի դավաճանության միջև,- այսօր տեղեկացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը