Հաղթական ապագայի համար դաս քաղել անցյալից

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մայիսի 9-ը որպես տոն մեզ վերադարձավ եռապատկված ուժով ու հավաստիությամբ: Շուշիի անօրինակ ազատագրումը տոնը վերահաստատեց և գուցե նաև վերարժևորեց 1945թ. հաղթանակի մեր բաժինը:
 
Երբ ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, և մենք վերստացել էինք մեր անկախությունը, ինչ-որ պահի հրապարակ նետվեց այն միտքը, թե մայիսի 9-ը մեզ համար տոն չէ, քանի որ այդ օրը տոնվող հաղթանակը մերը չի եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմաճակատներում կռված, թիկունքում բոլոր զրկանքներին դիմացած, ահռելի կորուստներ տեսած մարդկանց հոգին ցավում էր վիրավորանքից: Սակայն այն ժամանակ նրանց լսող չկար: Չէին գիտակցում կամ չգիտեին, որ այդ պատերազմում հայը հերոսաբար կռվել էր ու հաղթանակներ տարել՝ համոզված, որ հենց Հայաստանն է պաշտպանում. չէ՞ որ գծից այնկողմ Թուրքիան ու նրա հովանավոր Գերմանիան էին…
 
Արդեն ո՞վ կարող է կասկածել՝ Մայիսի 9-ը տոն է: Եվ էլ ի՞նչ տոն, եթե նպատակ, ասելիք, սերունդներին փոխանցելիք չունի: Այս տոնի խորհուրդը բնականաբար հայրենասեր, խիզախ, անցյալի հերոսական էջերից դաս քաղող սերունդ դաստիարակելն է:  Դրա դրսևորումներից մեկն է դարձել վերջին տարիներին ավանդական դարձած «Հերոսների հետքերով» դաս-արշավը: Երեկ՝ մայիսի 8-ին ավելի քան 300 երիտասարդներ երեք ուղղություններով քայլարշավով հասել են Շուշի՝ նշանավորելով Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը: Արշավորդների անցած այդ երեք ճանապարհները, ինչպես «Արցախպրեսն» է հաղորդել, համապատասխանել են Շուշիի ազատագրման ժամանակ զինվորների առաջխաղացման  ուղղություններին: Մեր երիտասարդներն անշուշտ այդ օրը սովորելու, դասեր քաղելու, հպարտությամբ լցվելու բազմաթիվ երևույթների ու փաստերի են առնչվել ու մանավանդ հասկացել, որ գործի շարունակողն իրենք են լինելու: 
 
Արցախի անհանգիստ սահմաններից այնկողմ ադրբեջանցի զինվորն է կանգնած: Հետաքրքիր է՝ նրա՞նց ինչ գաղափարներով են սնել ու այդտեղ բերել: Քանի որ Ադրբեջանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է բարիկադների մեր կողմում, հաղթանակը պետք է որ իրենցը համարեն, իհարկե, ցավը սրտում, որ եղբայրական Թուրքիան հակառակ կողմում է եղել: Իրենց զինվորի ոգին ամրապնդելու համար երիտասարդներին հաստատ Շահիդների ծառուղի են տանում և իսկական մարդասպսնների ու ավազակների նրանց կերպարը մատուցում որպես ընդօրինակության արժանի հերոսների: 
 
Ասում են՝ այդ պատերազմում իրենց մասնակցությունն ու գործած հերոսությունները թվերով մատուցելիս նրանք չեն նշում հերոսների ազգությունը, որ ստիպված չլինեն հայերին մեծարել: Ո՞վ չգիտի, որ հայ մարշալներն ու գեներալները, հերոսի կոչում ստացած հայերից շատերը, բարձրաստիճան բազմաթիվ սպաներ կա՛մ Ադրբեջանին նվիրաբերված հայկական բնակավայրերում են ծնվել, կա՛մ այնտեղից են բանակ զորակոչվել: Ստացվում է, որ այստեղ էլ մեր անճարակ հարևաններն ստիպված են լինում մեզնից գողանալ ու իրենցը հայտարարել, քանի որ սեփականը չունեն: Ախր հանրահայտ փաստ է՝ հայրենական պատերազմի տարիներին նրանք զորակոչի համար  իրենց վրա դրված թվերը լրացնում էին հայերի և ազգային փոքրամասնությունների հաշվին, որպեսզի իրենց անարժեք կաշիներն ու վախկոտ սրտերն ապահովագրեին: 
 
Ու քանի որ աշխարհում կեղծն ու շիտակն իրարից տարբերելը հիմա շատ դժվար է դարձել, մեզ մնում է իրոք ազգ-բանակ դառնալ՝ վեր կանգնելով այս խոսքի պարզունակ ընկալումից, որպեսզի ինքներս հաստատենք մեր շիտակը և կեղծիքի կործանարար ճանապարհը մեր ուժով փակենք: