Սրա՞նք պետք է զինվոր դաստիարակեն

Չարացածությունն ու անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ արդեն մեծ չափերի են հասնում, ու դրա համար նպաստավոր պայմաններ շատ կան: Դրանցից մեկն էլ հեռուստաեթերը լցրած քրեական թեմաներն ու փողոցային պահվածք գովերգող տեսանյութերն են: Ու նաև սոցիալական ցանցերը, որտեղ ավելի շատ միմյանց նկատմամբ ատելություն, քան սեր ու հանդուրժողականություն է քարոզվում: Միայն թե ժամանակն է, որ ուշքի գանք ու հասկանանք՝մեր դիմաց մեզ իսպառ բնաջնջել երազող ոսոխներ են կանգնած, ու մենք իրավունք չունենք իրար պաշտպանելու փոխարեն դատարկ բաների համար մեկս մյուսին վանասել: Իսկ այսպիսի հանցանք գործողների համար գուցե պետք է տուգանային գումարտակներ կազմել և նրանց  առաջին գիծ տանել, որպեսզի ոչ թե պետության հացն ուտելով՝ կալանավայրում նստեն, այլ կյանքի ու մահվան սահմանագծին սովորեն ուրիշների կյանքը գնահատել:  
 
Հերթական քրեական լուրը դառը խոհերի տեղիք է տալիս: Երեկ կեսգիշերին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա տղամարդ, ում դանակահարել էին մոտակայքում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի առջև: Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ դանակահարության պատճառը վիճաբանությունն է եղել՝ ճանապարհը չզիջելու պատճառով, իսկ քաղաքացուն մի քանի տեղից վնասվածք հասցնողը, ըստ ամենայնի, 58 տարեկան տղամարդ է: 
 
Ամենացավալին այն է, որ այսօրինակ լուրեր ամեն օր ենք լսում, ամեն օր մեր շրջապատում նման միջադեպերի ենք ականատես լինում, անհանդուրժողականության բազմաթիվ դրսևորումներ մեր մաշկի վրա զգում: Ինչքա˜ն պետք է հայ մարդը բարոյազրկված լինի, որ սահմաններից մեզ հասնող կորուստների մասին տեղեկությունների պայմաններում կողքին ապրող հային դանակահարի: 
 
Ինչքան պետք է իրեն կորցրած լինի, մարդը, ինչքան պետք է ամեն սրբությունից զուրկ լինի, որպեսզի իրեն որդի սազող երիտասարդին  անխնա դանակահարի՝ միայն ճանապարհ զիջել-չզիջելու վեճի պատճառով: Չի բացառվում, որ հանցագործը հարբած է եղել, մեծ վիշտ է ունեցել կամ ահավոր ձախորդություններ է տեսել ու չարացել: Բայց դա մի՞թե իրավունք է տալիս ուրիշի վրա սառը զենք հանել: Ինչքա՞ն պետք է մեջը փոթորկվող չարությունից մարդը կուրացած լինի, որ այդպես վարվելն իր համար «թասիսբի» գործ համարի: 
 
Այսօր մեր բանակում ծառայում են տղաներ, որոնց նաև այս կարգի մարդիկ են դաստիարակել ու օրինակ ծառայել: Ամեն անգամ, երբ բանակից վատ լուր է ստացվում, մենք հառաչում ենք, ցավ ապրում, մեղավորներ փնտրում ու դատափետում: Մեր հասարակությունը, սակայն, կարծես երբեք չի խոսում այն մասին, որ բանակում մեր զինվորների միջև ծագած ու ողբերգական ավարտ ունեցած վիճաբանությունների համար նաև նրանց դաստիարակությունն ու կյանքի մասին աղավաղված պատկերացումներն են մեղավոր: Եթե խաղաղ փողոցում մի սովորական թյուրիմացությունը կարող է դանակահարությամբ ավարտվել, բանակում զենքը ձեռքին վիճաբանող զինվորականների միջև ի՞նչ խաղաղ ելք հուսաս: