Ուսանողները՝ որպես կամավորներ

ՆՐԱՆՔ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը:
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ մասնավորապես առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ըստ այդմ, ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ: 
 
Առաջարկվել է նաև միջազգային համապատասխան կառույցներին (գործընկեր բուհեր, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միջազգային միջպետական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ուսանողական ասոցիացիաներ և այլն) Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամադրել օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվություն՝ մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության առումով միջազգային իրազեկվածության բարձրացման և դրանով իսկ հնարավոր սպառնալիքների կանխարգելման համար:
 
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։ 
 
- Գիտակցում ենք, որ ուսանողության ջանքերը շատ կարևոր են ու այդ օգնությունն էական կլինի: Բուհերն արդեն արձագանքել են նախարարության շրջաբերական նամակին: Բուհերում հավաքագրվում են ուսանողներ և փորձելու են մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշգրտելով անհրաժեշտ աջակցության և կամավորական աշխատանքների շրջանակը, որոնք տարատեսակ բնույթի են: Տեղում արդեն յուրաքանչյուր կամավորի համար աշխատանքները կվերաբաշխվեն, և դրանք համակարգված կընթանան,- ասել է Լուսինե Գրիգորյանը:
 
Նրա խոսքով՝ դեռ երեկվանից Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում որպես կամավոր ներգրավվել են Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ: Նրանք պետական մարմիների հետ՝ Կարմիր խաչի աջակցությամբ, իրականացնում են որոշակի աշխատանքներ՝ հիմնականում գույքագրելով մարդկանց կարիքները և կատարելով  տվյալների մուտքագրում:
Նախարարության հորդորին միացել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր մասնագիտական գործունեության հիմնական գերակա ուղղությունների շրջանակում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տարհանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրեր և ծառայություններ:
 
ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանի խոսքով՝ ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն: 
 
- Ուսանողները նախևառաջ կկատարեն հանրօգուտ, այսինքն իրավիճակից բխող աշխատանքներ, որոնք կուղղորդվեն կազմակերպիչների և պատկան մարմինների կողմից: Կարող են իրականացնել նաև ուսումնական գործընթաց, դասապատրաստումներ, ինչպես նաև որոշակի արտադպրոցական ժամանցի կազմակերպում դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար:  Ուսանողների հետ իրականացվել են վերապատրաստման աշխատանքներ, որոնք միտված են եղել իրազեկելու և ուղղորդելու, թե ինչ աշխատանքներ իրենք կարող են կատարել բռնի տեղահանված մեր հայրենակիցների, երեխաների ու նրանց ընտանիքների հետ: Ուսանողները նաև կարող են հոգեբանական, ոչ խորը մասնագիտական ծառայություններ մատուցել՝ մեթոդիկաների, խաղերի, թրեյնինգների տեսքով,- ասում է Հակոբ Թադևոսյանը:
 
Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ: 
 
- Շատ կարևոր ուղղություն ենք համարում նաև մասնագիտական կարիքի գնահատումը հոգեբանական աջակցության տեսանկյունից: Մեր այն աշխատակիցները, որոնք փորձ ունեն աշխատելու արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության պայմաններում՝ վիրավորների, հաշմանդամների հետ, ըստ կարիքի կգործուղվեն հենց այդ թիրախային խմբերի հետ աշխատելու,- նշում է Հակոբ Թադևոսյանը:
 
Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Մասնավորապես, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։
 
Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով:  Աշխատելու են  առանձին խմբեր, որոնք կզբաղվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։