Բուդաղյանների գործով պետք է բաց դատավարություն լինի. փաստաբան

ՍՊԱՆՎԱԾԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Փաստաբան  Հայկ Ալումյանն այսօր լրագրողների  հետ հանդիպմանը հայտարարեց, որ Բուդաղյանների ընտանիքը  շարունակում է պայքարը: 
Նրա խոսքով` գործը քրեական վերաքննիչ դատարանում է: Դատարանը ՍԴ-ում վիճարկել էր քրեական դատավարության  35-րդ հոդվածի առաջին մասին 4-րդ կետը (քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար):
 
 Հիշեցնենք, որ վերոնշյալ գործը կարճելու որոշման վրա հիմնվելով՝ քննիչը ազատ է արձակել Ավետիք Բուդաղյանի սպանության համար մեղադրվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և նրա թիկնազորի անդամ Զարզանդ Նիկողոսյանին: Քննիչը ապացուցված էր համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ, իսկ Խաչատրյանն ու Նիկողոսյանն ինքնապաշտպանվել են։  
 
-Այս տարի`մարտի 21-ին, ՍԴ-ը մերժեց քերական  վերաքննիչ դատարանի բողոքը:  Այսինքն` ՍԴ-ը համարեց, որ օրենքը հակասահմանադրական չէ, տվեց մի շարք գնահատականներ, որոնք  մեր դիրքորոշման հետ էին համընկնում: Մասնավորապես  քննիչը չէր կարող մահացած Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գնահատական տալ: Համարել, որ Ավետիք Բուդաղյանը  սպանության փորձ է  կատարել Սուրիկ Խաչատյանի մերձավորների նկատմամբ: Քննիչը  Ավետիք Բուդաղյանի քայլը համարել էր սպանության փորձ, Ավետիք Բուդաղանի գործողությունները որակել   նախահարձակ,  իսկ Խաչատրյաննների հարազատներինը` ինքնապաշտպանական: ՍԴ-ը հայտարարեց, որ մահացածի  մասին նման գնահատականներ կարող են տալ, երբ գործը կմտնի դատարան, երբ կապացուցվի, որ Ավետիք Բուդաղյանի  քայլերը սպանության փորձ են,- ասաց Հ. Ալումյանը: 
 
Փաստաբանի խոսքով` ապրիլի 27-ին քրեական դատարանը Բուդաղյանների բողոքը բավարարեց մասնակի: Սա նշանակում է  Բուդաղյանների գործով  պետք է  տեղի ունենա բաց  հրապարակային դատավարություն, որի ժամանակ կպարզվի՝ իսկապե՞ս Ավետիք Բուդաղյանն է  նախահարձակ եղել, Սուրիկ Խաչատրյանի հարազատներն էլ պաշտպանվել են, թե՞...
 
Հիշեցնենք, որ  խոսքը  2013 թ. Սյունիքի  այն  ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների  ու Գորիսի բնակիչներ Արտակ և Ավետիք Բուդաղյանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին է: Փոխադարձ կրակոցների հետևանքով Սյունիքի մարզպետ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կրակոցից Ավետիք Բուդաղյանը սպանվել էր: Դեպքի ժամանակ վիրավորվել էին նաև Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանների թիկնապահը: Դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում Խաչատրյանի որդուն և թիկնապահին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
 
ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր` վերջինիս մահվան պարճառով: Գործի շրջանակներում Խաչատրյանի թիկնապահ Զ. Նիկողոսյանի և որդու` Տ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Սակայն երկու ամիս անց վերջիներս ազատ էին արձակվել, քանի որ ՊՆ քննչական ծառայությունը հիմնավորված էր համարել, թե մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: 
 
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գուցո նոր պաշտոն ստանա: Նախկին մարզպետը դա չի հերքել: