«Ջան» ասելով ճաշ եփես՝ աշխարհը կնվաճես

Ռուս անկախ հետազոտող Նատալյա Սաբոլը, օրինակ, հենվելով հնագիտական հարուստ նյութի և այլ ուսումնասիրությունների վրա, ափսոսանք է հայտնում, որ մենք շատ դեպքերում կորցրել ենք սնվելու բարձր մշակույթը և մոռացել մեր նախնիների օգտակար սննդակարգի մասին: Գուցե անցյալի այդ ժառանգությունն իր հետքը թողել է, և դրա շնորհիվ հայի քիմքը համերը շատ նուրբ է ընկալում: Գուցե այդ է պատճառը, որ հայերի պատրաստած կամ հայկական ավանդական ընպելիքներն ու ուտեստները օտարներին գրավում են: Հենց երեկ Հայաստանից մի մեծ խմբաքանակ հյութեր և տարբեր պահածոներ առաքվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, նրանց 5-7-աստղանի հյուրանոցների ու խոշոր սուպերմարկետների համար: Իսկ դրանց սպառողները հաստատ նուրբ համերի սիրահարներ են:

Մեկ օրում երկու «խոհարարական» լուրը բավական է խորհելու համար՝ Հայաստանն այս ասպարեզում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ ունի: Ու նաև չպետք մոռանանք՝ խոհանոցը ոչ միայն եփելու-թափելու, այլև խորհելու, ստեղծագործելու տեղ է:

Հայաստանի Հանրապետության, մեր պատմական հայրենիքի տարածքներում կատարված պեղումները ցույց են տվել, որ խոհարարական արվեստը մեզ համար գործունեության նոր բնագավառ չէ: Հենց միայն Պորտասարը 12 հազ. տարվա հնություն ունի: Եվ ուրեմն չպետք է զարմանանք, որ հայկական խոհանոցն իր գործունեության հիմքում դրած Գայանե Բրեիովայի խոհարարական գիրքն ընդգրկվել է մի մրցանակաբաշխության հավակնորդների թվում, որը հավասարազոր է կինոաշխարհի «Օսկարին»:

Ամենամյա այդ մրցանակաբաշխությունը կոչվում է Gourmand (թարգմանվում է «համադամասեր»), և անց է կացվում արդեն 22 տարի շարունակ: «Gourmand-1917»-ին ներկայացված է Գայանեի «Խոհանոց՝ Գայանե-ջան» գիրքը: Ու քանի որ այս գիրքը հայտնվել է աշխարհի խոհարարական երեք լավագույն գրքերի շարքում, Գայանեն պետք է մեկնի Չինաստան:

Գայանե Բրեիովան ծնվել է Երևանում, 1994թ.-ից ապրում է Մոսկվայում: Հայտնի է, որ նա իր գործունեությունն սկսել է որպես մատուցողուհի, այնուհետև մի քանի տարի սակարանում է աշխատել, իսկ այժմ ռեստորանային գործ է կառավարում: Նրա «Gayane’s» ռեստորանը հայտնի է հայկական ճաշատեսակներով: Հայաստանցիներին նույնպես Գայանեն անծանոթ չէ, քանի որ ծննդավայր Երևան այցելելիս նաև հարցազրույցներ է տալիս, պատմում իր հաջողությունների մասին:

Զարմանալի չէ, որ հայկական խոհանոցը ներկայացնող գիրքը այդպիսի բարձր գնահատականի է արժանանում, ու կարևոր չէ՝ այդ մրցանակը Գայանե՞ն կնվաճի, թե՞ մեկ ուրիշը: Պարզապես սա ևս մեկ առիթ է` արժևորելու այն, ինչ ունենք: Եթե այսօրվա մեր կերակրատեսակներին ենք նայում, տոնական սեղանների ճաշատեսակներին, հիմնականում մսեղեն ուտեստներ ենք տեսնում: Մինչդեռ մեր խոհանոցն այդպիսին չի եղել: